Իշխանությունն առաջին անգամ թեւերը քշտած լծվել է ժրաջան աշխատանքի, եւ եթե ուշադիր լիներ Ռուստամյան Արմենը, գոնե կիմանար, որ նախագահի արտահայտությունների ու կոչերի մեջ առաջին անգամ լսում ենք ազգանվեր խոսքեր, մտքեր, գաղափարներ՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես է արձագանքել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը՝ պատասխանելով ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությանը։

Ա. Ռուստամյանը հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասել էր, թե գործող  իշխանությունն ի վիճակի չէ լուծել թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքականության խնդիրները եւ երկրին անհրաժեշտ է նոր իշխանություն։ Վազգեն Կարախանյանն հավելել է նաեւ, որ Արմեն Ռուստամյանի նման հայտարարությունները վկայում են նրա կարճատեսության, իրականությունը չտեսնելու տալու մասին։ «Ռուստամյան Արմենը քաղաքական դպրոցի փորձ ունի, եւ ես ցավում եմ, որ նա նման հայտարարություն է արել, քանի որ անհնար է չտեսնել այսօրվա իշխանությունների անդադրում աշխատանքը։ Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը կարող է մեղադրել իշխանություններին չգիտության կամ ծուլության մեջ»,- նշել է Կարախանյանը։ Հարցին՝ իսկ ի՞նչն  է Արմեն Ռուստամյանի կարճատեսության պատճառը՝ ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքել է. «Չգիտեմ, չեմ կարող ասել։ Դե երեւի ընդդիմություն է եւ իրավունք ունի իր կարծիքն ասելու։ Համենայնդեպս, Դաշնակցությունը մինչեւ այս պահը ընդգծված ընդդիմություն չի դարձել, որպեսզի վաղը կամ մյուս օրը իր նախագահն ունենա: Խոսքը հանրապետության նախագահի մասին է»:

Հիշեցնենք, որ հունիսի 4–6–ը Աղավնաձորում ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 15–րդ Գերագույն ժողովի կողմից ընդունված   հայտարարության մեջ գերակա խնդիր է հռչակել ազգային ուղեգծի վերականգնումը, սոցիալական արդարության հաստատումը,  քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու երկրում նոր իշխանության ձեւավորումը։