Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած ավերիչ քամու հետեւանքով տուժած բնակիչներին այսօր՝ հուլիսի 2-ին, շինանյութ է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից:

NEWS.am-ի հետ զրույցում Վարդենիսի փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանն ասաց, որ լսել է օգնություն բերելու մասին, բայց ճիշտ չի համարել գնալ և տեղեկանալ, թե ինչ են բերել:

Փոթորկի  հետեւանքով տան տանիքն ամբողջությամբ կորցրած՝ Վարդենիսի բնակիչ Արտակ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը հրաժարվել է օգնությունից և սպասում է կառավարության օգնությանը.

«Իմ երկու տների կտուրներն ամբողջությամբ պոկել է քամին, մի տանը ընտանիքով էինք մնում, մյուսը կիսակառույց էր, շուրջ 500 քառ. մետր ունեցող տները մնացել են առանց կտուրների: Ես  պարոն Ծառուկյանի բերած ազբո շիֆերից հրաժարվեցի, որովհետև իմը երկաթյա կտուրներ էր, իրանց բերածը ինձ չէր օգնի»,-պատմեց Արտակը։

Մեր տեղեկություններով՝ տուժած բնակիչների մեջ էլի կան մարդիկ, որոնք հրաժարվել են Գագիկ Ծառուկյանի օգնությունից։ Նրանք բոլորը սպասում են կառավարության խոստացած օգնությանը։

Արտակ Մանուկյանի խոսքով՝ իրենք ամենաշատն են տուժել ուժեղ քամուց։

«Մենակ իմ կրած վնասը 8 մլն դրամից անցնում է: Անցած տարի էի վերանորոգել տունը, ու էս երկու օրը անձրև եկավ ու էլի հարամեց, ճիշտ ա՝ պալատկով փակել եմ, բայց ի՞նչ օգուտ: Կառավարությունն ինչ օգնություն էլ տա, ես գոհ կլինեմ, լավ կլինի, որ շինարարական ընկերությունների աշխատանքով օգնի, որովհետև մենակ արհեստավորի փողն ընդհանուր վնասից ավելի ա, բայց դե տուժած մարդուն ինչ օգնություն էլ առաջարկի կառավարությունը, էլի գոհ կմնանք»,- ասաց տուժած բնակիչը:

Արտակ Մանուկյանն անհամբեր սպասում է կառավարության հուլիսի 3-ի նիստին, որտեղ պետք է քննարկվի իրենց խնդիրը։

Ավելի վաղ  NEWS.am-ը  հաղորդել էր, որ  հունիսի 29-ին Վարդենիսում ուժեղ հողմ է գրանցվել, ինչի հետեւանքով ամբողջությամբ պոկվել են 10 տների, մանակիորեն՝  90 տների կտուրներ, ջարդուփշուր են եղել ապակիներ, շրջվել է 20-ից ավելի էլեկտրասյուն, վնասվել է նաեւ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը: Բնակիչները սպասում են կառավարության փոխհատուցմանը, իսկ հունիսի 30-ին փակել էին ճանապարհը եւ պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ինգա Հայրիյան