Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Կարեն Կարապետյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 21-ի գիշերը 00:30-ի սահմաններում: Կարեն Կարապետյանը, գտնվելով ալկոհոլային ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, Փարաքար գյուղի մոտ գտնվող գիշերային ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճել է նշված ակումբի տնօրեն՝ Լիլիթ Խ.-ի հետ, որի ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել վերջինիս հասցեին:

Նշված վիճաբանության ձայներից տանից դուրս է եկել հարեւանությամբ ապրող Մարիետա Ս.-ն, որը Կարենից պահանջել է դադարեցնել հայհոյանքներ տալը, սակայն վերջինս չի ընդունել դիտողությունը եւ վիճաբանել եւ կռվի մեջ է մտել Մարիետա Ս.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Կարենը հայհոյել է նրան եւ 2 անգամ դիտավորությամբ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Կարեն Կարապետյանին մեղադրանք է առադաջվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: