Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հուլիսի 2-ին, աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` ծանոթանալու  կարկտահարության հետեւանքով մարզի մի շարք բնակավայրերի կրած վնասներին:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը Շիրակի  մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ  այցելել է Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Ձորակապ եւ Մարալիկ համայնքներ, եղել է ցորենի եւ գարու դաշտերում,  զրուցել գյուղացիների հետ:

Նախարարին դիմած գյուղացիներն առաջին հերթին խնդրել են երկարացնել գյուղատնտեսական վարկերի մարման ժամկետները, վերանայել սերմնաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ստացած սերմերը վերադարձնելու, ինչպես նաեւ աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման հարցերը: Նախարարը խոստացել է խնդիրներին ընթացք տալու համար բարձրացված հարցերը ներկայացնել  հանրապետության վարչապետին:

Հայկասար համայնքում գյուղացիները բարձրացրել են նաեւ արոտավայրի խնդիրը: Նախարարը խոստացել է հանգամանորեն ուսումնասիրել եւ մարզում իրականացվող արոտավայրերի բարելավման ծրագրի շրջանակներում ընթացք տալ բարձրացված հարցին: Նախարարը միաժամանակ նշել է, որ տուժած յուրաքանչյուր տնտեսության կցուցաբերվի անհատական մոտեցում`  կապված վնասի իրական չափերից:

Մարզում ստեղծվել է  կարկուտի պատճառած վնասների ուսումնասիրման մարզային հանձնաժողով, որը մեկ շաբաթվա ընթացքում կարձանագրի եւ  ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի ամփոփ տեղեկատվություն գյուղացիների կրած վնասների մասին: