«Արաբկիր» բժշկական կենտրոնում նախորդ տարվա հունվարի 2-ին մահացած 2-ամյա Լիա Միսակյանի մոտ դեկտեմբերի 31-ին՝ հիվանդանոց ընդունվելիս, գործով փորձագետ Աննա Չոբանյանի պնդմամբ, թոքաբորբի մասին վկայող ոչ մի ախտանիշ չի եղել։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 2-ին, փորձագետի նման վկայությունը դատարանում լարված մթնոլորտ ստեղծեց։

Փորձագետին ուղղված՝ հայցվոր կողմի հարցերին պաշտպաններն առարկեցին։ Իրավապաշպան, հայցվոր կողմից հանդես եկող Արթուր Սաքունցը հետաքրքրվեց փորձագետից՝ ինչու փորձագիտական եզրակցության մեջ նա գնահատական չի տվել դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին հերթապահած բժշկուհիների գործողություններին և անրադարձել է միայն հուվարի 2-ին հերթապահած բժշկուհու գործողություններին։

Պաշտպան Գիվի Հովհաննիսյանը Արթուր Սաքունցին հորդորեց ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին՝ նշելով, որ փորձագիտական եզրակցության հետեւությունում նշված է, որ ընդունվելիս նշանակված հետազոտությունների ու բուժման ծավալը համապատասխանել են տրված նախնական ախտորոշմանը եւ եղել են ցուցված։

«Դուք փորձագետի՞ պաշտպանն եք, թե՞ մեղադրյալի»,-վրդովվեց Արթուր Սաքունցը, ինչից հետո դատավորը նրան նկատողություն արեց։

Դատախազ Դավիթ Կարապետյանը փորձագետին հարցրեց՝ բժշկուհիներն ինչ  միջացառումներ պետք է ձեռնարկեին, որ չեն ձեռնարկել, ինչին ի պատասխան՝ փորձագետն ասաց, որ բժշկուհիները ոչ մի սխալ թույլ չեն տվել, որը փոքրիկի մահվան պատճառ է դարձել։

«Ես պնդում եմ, որ ամսի 31-ին երեխայի մոտ թոքաբորբի մասին վկայող տվյալներ չեն եղել։ Հիվանդությունը զարգացել է շատ արագ, 2-3 օրվա ընթացքում։ Թարախը կարող էր 18-24 ժամում առաջանալ։ Իսկ այն, որ անտիբիոտիկները հարկ եղածի պես ամսի 1-ին չեն նշանակվել, դա այն սխալը չի, որը հանգեցրել է մահվան։ Ատիբիոտիկն այն բանը չի, որը մեկ օր առաջ ընդունելուց կարող էր կանխել հիվանդության զարգացումը»,- ասաց վկա Աննա Չոբանյանը՝ հակասելով մինչեւ այս ցուցմունք տված փորձագետ Գագիկ Հարությունյանին, որը նշել էր, որ թարախը չէր կարող մեկ օրում առաջանալ, եւ բժիշկների սխալ գործողություններն են դարձել երեխայի մահվան պատճառը։

Դատախազը  մատնանշեց, որ արյան անալիզները Լիա  Միսակյանից վերցվել են հունվարի 1-ի գիշերը, գործում առկա նյութերով պարզ է դարձել, որ դրանք պատրաստ են եղել հունվարի 1-ի առավոտյան, բայց բժշկուհին դրանք վերցրել և հետազոտել է միայն հունվարի 2-ին։ Նա հարց ուղղեց փորձագետին՝ արդյոք այդ դեպքում էլ բժշկուհու գործողություններում ոչ մի սխալ չի եղել։

«Թե դա ում սխալն է՝ չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ՝ լաբորանտն է տվել այդ ժամանակ, թե բժիշկն է այդ ժամանակ վերցրել»,-ասաց փորձագետը։

Միեւնույն ժամանակ, Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը հայտարարեց, որ ոչ ինքը, ոչ իր կինը չեն տեսել, որ երեխայից արյան անալիզ է վերցվել։

«Ոչ 31-ին են վերցրել, ոչ 1-ին, ինչ ասում են, դա չի նշանակում, որ ճիշտ են ասում»,-ասաց Գեորգի Միսակյանը, ապա հարցրեց փորձագետին՝ «երկու» տարվա փորձ ունեցող բժշկուհին իրավունք ունե՞ր միայնակ որոշել՝ ինչ բուժում նշանակել հիվանդ երեխային։ Փորձագետը պատասխանեց, որ բժկուհին պետք է խորհրդակցեր այդ օրն իր հետ հերթապահած մեկ այլ բժշկի հետ, ինչը վրդովեցրեց Գեորգի Միսակյանին։

«Բժշկուհին միայնակ է հերթապահել։ Ուրեմն ինքը կարա լինի կոշկակար, կարա լինի բժիշկ, մենք մեր երեխուն պետք է վստահե՞նք իրեն՝ առանց իմանալու՝ ինքը իրավուքն ունի իմ երեխուն բուժի՞ միայնակ, թե ոչ։ Ինքը պետք է իմ երեխու վրա սովորի՞։ Վստահ եմ, որ տիկին Չոբանյանն իր երեխաներին նման բժիշկների մոտ չէր տանի»,-ասաց Գեորգի Միսակյանը։

Փորձագետի հարցաքննությամբ դատական նիստն այսօր ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 8-ին։

Նշենք, որ փորձագետ Աննա Չոբանյանը սկզբնական փորձաքննությունն իրականացրած հանձնաժողովի փորձագետներից էր։ Սկզբնական փորձաքննության մեջ նախաքննական մարմինը թերություններ էր նկատել, նշանակվել էր կրկնակի փորձաքննություն։

Հիշեցնենք, որ 2-ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել էր, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: