ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը վստահեցնում է, որ շան հետ գետի ափին զբոսնելիս երկգլխանի կոկորդիլոս է հայտնաբերել։ Ի դեպ, տեղական իշխանությունները տղամարդու հայտարարությանը թերահավատորեն են մոտեցել։
Երկգլխանի կոկորդիլոս-մուտանտի լուսանկարը Ջասթին Առնոլդ անունով ամերիկացին հրապարակել է Facebook-ի իր էջում։ «Երեկ շանս հետ զբոսնում էի Հիլսբորո գետի ափին եւ զարմացա՝ այնտեղ տեսնելով երկգլխանի կոկորդիլոսին։ Նահանգի՝ որսորդության եւ ձկնորսության հարցերով նախարարությունը հայտարարել է, որ նրան եւս մի քանի մարդ է տեսել»,- պատմել է նա լուսանկարի մեկնաբանությունում։
Առնոլդի հայտարարությունը մեկնաբանել են նահանգի ձկնային ռեսուրսների եւ կենդանի բնության հանձնաժողովում։ Vesti.ru-ի փոխանցմամբ, փորձագետները նշել են, որ որոշակի ոչինչ չեն կարող ասել՝ ձեռքի տակ միայն լուսանկար ունենալով։ «Մենք լուրջ կասկածներ ունենք այս ամենի՝ իրականությանը համապատասխանելու առումով»,- ասել են հանձնաժողովի ներկայացուցիչները։
UPI-ի փոխանցմամբ, տեղական իշխանությունները պնդում են, որ նրանց ոչ ոք ոչինչ չի ասել երկգլխանի կոկորդիլոսի մասին։ Եվ նրանք միակը չեն, ովքեր իրավիճակին թերահավատորեն են մոտենում։ Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Ֆրենկ Մազոտտին նշել է, որ նման շեղումներով արարածները, ինչպիսին այս կոկորդիլոսն է, որպես կանոն, երկար չեն ապրում։ Նրա խոսքով, նրանք հաճախ նույնիսկ չեն ապրում մարդու խնամքի ներքո, իսկ վայրի բնության մասին խոսք անգամ լինել չի կարող։
Առնոլդի լուսանկարով կիսվել է Facebook-ի ավելի քան 4.000 օգտատեր։ Թեեւ մեկնաբանությունների մեջ նրանցից շատերը նշել են, որ երկգլխանի կոկորդիլոսը որակյալ խրտվիլակ է հիշեցնում։





























