Այսօր՝ հուլիսի 2-ին, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ եւս մեկ անգամ նշվել է, որ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում էլեկտրաէներգիայի թանկացումը ՕԵԿ-ը գնահատում է անընդունելի:

Նշվել է, որ Ազգային ժողովի կողմից տվյալ հարցի կապակցությամբ անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նաեւ ս.թ. հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամների ներկայացրած փաստարկները եւ նույն նիստին մասնակցող քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հակափաստարկները եւս վկայում են ընդունված որոշման չհիմնավորվածության մասին:

Հաշվի առնելով վերը շարադրվածը` ՕԵԿ-ը համապատասխան հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելու նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի գործող սակագները:

Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 18:00 Ազատության հրապարակում հրավիրել համազգային հանրահավաք ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, որին հրավիրում է մասնակցելու բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ անհատներին:

 Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի անցկացման մասին օրենքով սահմանված կարգով կիրազեկվի:

Այս հարցի հետ կապված «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ս.թ. հուլիսի 4-ին կհրավիրեն մամուլի ասուլիս: