Հայաստանի նախագահի մրցանակի համար արդեն 11-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերի միջեւ:

Մրցույթի հունիսի 1-15-ը անցկացված 1-ին՝ վարչական շրջանների փուլին մասնակցել է 387 ընտանիք, իսկ քաղաքային փուլին՝ 144 ընտանիք, որոնք պարգեւատրվել են հուշամեդալներով: Չորս տարիքային խմբերում հաղթող ընտանիքներին հանձնվել են ՀՀ նախագահի կողմից սահմանված համապատասխան դրամական պարգեւներ ու հավաստագրեր։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մրցումներն անցկացվել են 7 մրցաձեւերից. 30մ խաղային փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, 80մ խաղային փոխանցումավազք, հեռացատկ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում։ Մրցումների ծրագրում առաջին անգամ ընդգրկվել էր նաեւ օդամղիչ հրացանով հրաձգությունը։ Յոթ մրցաձեւերում հավաքած միավորների հանրագումարով էլ որոշվել են 4 տարիքային խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները։

Երեւանյան փուլում հաղթած 12 ընտանիքները թիմի ներկայացուցչի եւ 3 մարզիչների հետ հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2014թ. հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։

Եզրափակիչ փուլում առաջին անգամ Երեւան քաղաքը կներկայացնեն նաեւ 12 վարչական շրջանների հաշմանդամություն ունեցող անձանց 1-ական ընտանիքներ։ Երեւանյան մարզական ընտանիք պատվիրակության համար մինչեւ Ծաղկաձոր մեկնելը ձեռք կբերվի 76 լրակազմ մարզահանդերձանք։