Եվրոպայի Կենտրոնական բանկը (ԵԿԲ) պետք է հետեւի ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի օրինակին եւ միացնի «տպող հաստոցը»՝ եվրոյի արժեզրկմանը հասնելու համար: Այս մասին Les Echos-ի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալը:
«Եվրոն գերագնահատված է, դա վատ է մեր արդյունաբերության եւ աճի համար», - նշել է վարչապետը, փոխանցում է «Փրայմը»:
Հունիսի սկզբին ԵԿԲ-ն նվազեցրել էր վարկային տոկոսադրույքները եւ դեպոզիտների բացասական դրույք սահմանել: Բանկի ղեկավար Մարիո Դրագին հայտարարել էր, որ ԵԿԲ-ն նախատեսում է ավելացնել փողային առաջարկը՝ վերսկսելով գերերկարաժամկետ վարկերի տրամադրումը:
«Սա ուժեղ ազդակ է, բայց ես կցանկանայի, որ ԿԲ-ն ավելի առաջ գնա եւ արժեթղթեր գնի: Դրամավարկային քաղաքականությունը տոկոսադրույքներով չպետք է սահմանափակվի», — նշել է Վալը:
Վերջին 5 տարում ԵԿԲ-ն երկու անգամ միացրել է «քանակական մեղմացման» ռեժիմը՝ եվրագոտու երկրներից պետական պարտատոմսեր գնելով՝ 2010-ի գարնանը եւ 2011-ի աշնանը:
Ամեն անգամ եվրոյի հոսքը եվրոպական արժույթի կտրուկ թուլացման էր հանգեցրել:




























