ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը մեղադրում են պասիվության համար, որն արտահայտվել է նրանում, որ մեր պատվիրակները հարցեր չտվեցին Ադրբեջանի նախագահին: Այս մասին հուլիսի 3-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով, այդ հարցը քննարկվել է ե՛ւ մեկնելուց առաջ, ե՛ւ Ստրասբուրգում, որտեղ համատեղ որոշում է կայացվել՝ հարցեր չտալ Իլհամ Ալիեւին. «Եթե մենք հարցեր տայինք, Ադրբեջանի նախագահին հնարավորություն կտայինք պատասխաններում ուժեղացնել հակահայկական հռետորաբանությունը, հակահայ շոու ցուցադրել, ինչը չէինք կարող թույլ տալ»:
Նաղդալյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության բոլոր անդամները փորձառու քաղաքական գործիչներ են, ովքեր այդ հարցում միասնական կարծիք են դրսեւորել. «Գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնք կարելի էր բարձրաձայնել ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում, սակայն այս դեպքում, երբ հարց տվողը 30 վայրկյան ունի՝ առանց պատասխանը մեկնաբանելու հնարավորության, այդ իմաստ չուներ: Մեզ գնահատեք ոչ թե խոսքով, այլ գործով: Տեսեք, թե ինչեր ենք անում՝ պաշտպանելով մեր երկրի շահերը»:
Իր հերթին, իշխող ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը նշեց, որ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում հայ պատվիրակների հանդեպ Ալիեւի ամբողջ ագրեսիան թափվեց եվրոպացի խորհրդարանականների վրա, այդպիսով Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքը:
ՀՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իրենք չէին կարող թույլ տալ, որ Հայաստանի եւ հայկական պատվիրակության հասցեին անհաճո խոսքեր հնչեն, եւ ԵԽԽՎ նստաշրջանը դառնար ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների պարզաբանման թատերաբեմ:





























