Հեռուստատեսությամբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի արած այն հայտարարությունը, ըստ որի, զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի մեղավորությունը հիմնավորելու համար ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ եւ «այս գործով ունենք մեղադրական դատավճիռ», կկաշկանդի դատարանին արդար դատավճիռ կայացնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Հետո նա հայտարարել էր, որ շփոթել էր այլ գործի հետ՝ ասելով, որ կա մեղադրական դատավճիռ: Ես կասկածում եմ, որը դատարանը այնքան անկախ է, որ դատախազի հատարարությունից հետո կարող է այլ վճիռ կայացնել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատախազը նման հայտարարությամբ խախտել է անմեղության կանխավարկածը:
Փաստաբանի խոսքով՝ Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրողը 18 տարի ազատազրկում պահանջեց, քանի որ գործն ունի հասարակական հնչեղություն, եւ Դավիթ Խաչատրյանը դրա զոհն է.
«Բանակի հետ կապված դժգոհություններ ենք լսում. մայրեր կան, որ ասում են, որ իրենց որդիները ինքնասպան չեն եղել, այլ սպանվել են: Այս գործն էլ հասարակական հնչեղություն ունեցող գործ է, եւ սրա միջոցով փորձում են կարծրատիպ կոտրել: Դավիթ Խաչատրյանին ուղղակի զոհաբերում են»:
Երեմ Սարգսյանի խոսքով՝տեղի ունեցածը դժբախտ պատահար է, եւ իր պաշտպանյալին պետք է դատապարտեն միայն զենքի օգտագործման կանոնների խախտման եւ դրա հետեւանքով անզգուշությամբ մահ պատճառելու համար:
«Դավիթ Խաչատրյանը զենքը իջեցրել է, եւ կրակոցը եղել է երեսուն մետր հեռավորության վրա, եւ գոտկատողի հատվածից: Եթե ուզում էր կրակեր, ինչո՞ւ չմոտեցավ: Երեք ականատես վկաներից ոչ ոք չասաց, որ նա նշան է բռնել ու կրակել: Նույնիսկ էն ժամանակ, երբ կրակել է, ժամապահի գծից առաջ չի գնացել, ինչի՞ պետք է հուզեր կարգապահական կարգ խախտելը, նա կարող էր փորձել փախուստի դիմել, իսկ նա գրկել է զինվորներին եւ լացել»,- նշեց փաստաբանը:
Պաշտպանը տեղեկացրեց, որ Դավիթ Խաչատրյանի առողջանական վիճակը մինչեւ հիմա վատ է. «Նա հացադուլ էր հայտարարել, եւ դրանից հետո արյուն էր փսխում, իսկ այժմ էլ ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի»:
Վաղը՝ հուլիսի 4-ին, Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստին Դավիթ Խաչատրյանը կասի իր պաշտպանական ճառը, հնարավոր է նաեւ ամբաստանյալն ասի իր վերջին խոսքը:





























