Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կալանավորված Վրաստանի մայրաքաղաքի նախկին ղեկավար Գիգի Ուգուլավային մեղադրում են իր մերձավոր բարեկամ Գեորգի Գոնիաշվիլիի հետ ապօրինի եկամուտներն օրինականացնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:
«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Գիգի Ուգուլավան, որպես հանցավոր խմբավորման ղեկավար, իր աներձագ Գեորգի Գոնիաշվիլիի եւ «Վրաստանի վիճակախաղային ընկերության» նախկին տնօրեն, Դավիդ Կեզերաշվիլիի բիզնես-գործընկեր Ալեքսանդր Գոգոխիայի հետ զբաղվել է օֆշորային ընկերություններից մեկի, այսպես կոչված, «սեւ փողերի» ներմուծմամբ»,- ասված է Ֆիննախի քննչական ծառայության հայտարարությունում:
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան մեղադրվում է Քրեական օրենսգրքի 194 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ. ապօրինի եկամուտների օրինականացում (փողերի լվացում)՝ իրականացված անձանց կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, ինչն ուղեկցվել է մեծ եկամուտ ստանալով: Грузия Online-ի փոխանցմամբ, այս հանցագործությունը 9-12 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում:





























