Քանի դեռ սիրիական ճգնաժամը չի կարգավորվել, Քեսաբը հակակառավարական ուժերի համար թիրախ է մնալու: Հուլիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով տարածաշրջանի իրավիճակի մասին՝ նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով, չնայած սիրիական բանակն այսօր նորից իր վերահսկողության տակ է վերցրել Քեսաբը, իրավիճակը շարունակում է բարդ ու լարված մնալ: Ըստ Արմեն Պետրոսյանի, սա բացատրվում է այն հանգամանքով, որ Լաթաքիայի թուրքմենական գյուղերում  հակակառավարական ուժերի մնացորդներն են տեղակայվել:

«Բացի այդ, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են նշում, շուրջ 1.500 զինյալներ շարունակում են մնալ թուրք-սիրիական սահմանին»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ հարմար առիթով նրանք նորից կարող են հարձակվել Քեսաբի վրա:

Պետրոսյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շրջանում ավերվել է տրանսպորտային ենթակառուցվածքը, չկա էլեկտրականություն եւ ջեռուցում: Այս ամենը մեծ խնդիրներ է առաջացնում սիրիահայերի համար, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները: Վերջում Պետրոսյանն ասաց, որ Քեսաբում ռազմական գործողությունների արդյունքում ընդհանուր նյութական վնասը, Հայ-արաբական իրավական ասոցիացիայի տվյալներով, շուրջ 1 մլրդ դոլար է կազմում: