NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Նյու Յորքից գրող, ակտիվիստ եւ երաժիշտ Րաֆֆի Վարդանյանի՝ «World Policy Journal» բլոգում հրապարակված հոդվածը:
«Թուրքական ներկա կառավարությունը չի խոսում Հայոց ցեղասպանության մասին, այդ պատմության մասին հազվադեպ են խոսում ամբողջ աշխարհում: Թուրքիայի քաղաքացիներն ու դաշնակիցները Հայոց ցեղասպանության մասին չխոսելն ակտիվորեն խրախուսում են՝ պետության կողմից հովանավորվող եւ երկու ուղղությամբ տարվող պատմության խեղաթյուրման նախագծի օգնությամբ:
Թուրքական կառավարության խեղաթյուրման քաղաքականության առաջին ուղղության համար օգտագործվում են օրենքն ու կրթությունը, որպեսզի վերահսկեն քաղաքացիների եւ դաշնակիցների շրջանում երկրի անցյալի եւ ներկայի մասին քննարկումները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «YouTube»-ն արգելելը եւ «Twitter»-ն օրենքից դուրս հայտարարելը փաստում են Թուրքիայում խոսքի ազատության խնդրահարույց իրավիճակի մասին:
Թուրքական կառավարության խեղաթյուրման քաղաքականության առաջին ուղղությունն առաջարկում է հակաթեզ՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես հարկադրված պատերազմի մեջ ներքաշված խոցելի կայսրությունում անհաջող իրավիճակի արդյունք: Այդ հակաթեզը, որ ֆինանսավորվում է Թուրքիայի կառավարության եւ նրա հարուստ կողմնակիցների կողմից, պնդում է, որ Օսմանյան կայսրության հայ հպատակները, ովքեր երկար ժամանակ հայտնի էին որպես «լոյալ միլլեթ» (փոքրամասնություն), ձգտում էին Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող հայերի հետ համաձայնության գալ՝ Օսմանյան կայսրությունն ապակայունացնելու եւ սեփական երկիրը պահանջելու համար:
Ցեղասպանության եզրափակիչ փուլը ժխտումն է, որ այն տեղի է ունեցել, եւ թուրքական կառավարության խեղաթյուրման քաղաքականությունը խաթարում է հաշտեցման գործողությունները, որոնք հարկավոր են՝ պատմության այդ հատվածը խոստովանելու եւ առաջ շարժվելու, ինչպես նաեւ ընդհանուր ապագայի հնարավորությունները դիտարկելու համար:
Կոլումբիական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի պրոֆեսոր եւ Թուրքական հետազոտությունների ինստիտուտի նախկին ղեկավար, դոկտոր Դեւիդ Քեմերոն Քատել-կրտսերը մատնանշում է Թուրքիայի հյուրընկալության մշակույթի եւ այդ երկրի պատմության չլուծված էջի միջեւ գոյություն ունեցող ներքին կոնֆլիկտը:
«Ինչպես մարդկանց մեծ մասի,- բացատրում է պրոֆեսորը,- այնպես էլ թուրքերի հետ խնդիրներից մեկն այն է, որ նրանք իսկապես հավատում են, որ իրենք բարի, լավ մարդիկ են: Եվ այդպես էլ կա: Բայց նրանք իսկապես խնդիրներ ունեն հետեւյալ մտքի հետ համակերպվելու առումով. «Ինչպե՞ս կարող էր այդ տեղի ունենալ: Այդ չէր կարող տեղի ունենալ, որովհետեւ տեղի չի ունեցել: Մենք լավ մարդիկ ենք»:
Լռությունը դուրս է գալիս Թուրքիայի սահմաններից: Այսօր ո՛չ իսրայելական, ո՛չ ամերիկյան կառավարությունները չեն խոստովանել, որ հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանությունը է: Թուրքիան իր հզոր տնտեսությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական դիրքը որպես լծակ է օգտագործում՝ սեփական դիրքորոշումն ամրապնդելու համար»:





























