Շիրակի մարզի Նահապետավանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Դ.-ն մեղադրվում է անչափահաս աղջկիկ առեւանգելու եւ նրան հղիացնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել 2012 թ. դեկտեմբերի 2-ին: Նարեկը 15-ամյա Գ.-ին Եղեգնաձորից Չիվա գյուղ տանելու փոխարեն ամուսնության նպատակով նրա կամքին հակառակ առեւանգել է: Գ.-ն զանգահարել է քրոջը, որից հետո միայն տւժողի հայրը Մասիս քաղաքի մոտ կանգնեցրել է Նարեկ Դ.-ի ավտոմեքենան և դստերը վերադարձրել տուն:
Բացի այդ, Նարեկը, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 2012թ. դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Նահապետավան գյուղում գտնվող իրենց տանն ամուսնության նպատակով առանց բռնության գործադրման, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ տասնվեց տարին չլրացած, 1997թ.-ին ծնված Գ.- հետ, ինչի արդյունքում աղջիկը հղիացել է եւ 2014թ. հունվարին ծննդաբերել:
Նարեկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 141-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջինը նախատեսում է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով: Երկրորդը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:





























