Մոսկվայի ոստիկանությունը 50 անօրինական ներգաղթյալների է ձերբակալել, ովքեր Ռուսաստանի մայրաքաղաքի Մինսկի փողոցում գտնվող էլիտար բնակելի տարածքի առեւտրի կենտրոնում շինարարությամբ են զբաղվել:

«Մայրաքաղաքի տարածքում տեղակայված շինարարական օբյեկտների ապաքրեականացման միջոցառումների շրջանակում Միգրացիոն ծառայության դաշնային վարչության աշխատակիցները, ընդհանուր առմամբ, շրջանային ներքին գործերի բաժիններ բերման են ենթարկել ավելի քան 200 օտարերկրացիների՝ անձը հաստատելու եւ նախկինում հանցագործությունների նրանց մասնակցությունը ստուգելու համար»,- տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ավելի քան 50 օտարերկրացիներ չեն կարողացել գրանցման եւ աշխատանքի թույլտվության փաստաթուղթ ներկայացնել: Միգրացիոն օրենսդրությունը խախտածների հիմնական մասը Միջին Ասիայից են»,- տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտած օտարերկրյա աշխատողը կարող է տուգանվել 5.000 ռուբլու չափով, իսկ անօրինական ներգաղթյալի գործատուն՝ 800.000 ռուբլու չափով՝ յուրաքանչյուր անօրինական աշխատողի համար: