Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հուլիսի 1-3-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանի եւ Դամասկոսի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Լաթաքիա նահանգ: Այցի շրջանակներում հուլիսի 1-ին դեսպան Փոլադյանը հանդիպում ունեցավ Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդուլքադերի հետ:

Հանդիպման ընթացքում Լաթաքիայի նահանգապետը ՀՀ դեսպանին ներկայացրեց նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկուստեք ընդգծվեց Լաթաքիայի, ինչպես նաեւ քեսաբահայության ավանդական ծանրակշիռ դերը նահանգի սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում, մտքեր փոխանակվեցին ներկայումս նրանց առջեւ ծառացած հիմնախնդիրների եւ դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում Լաթաքիայի նահանգապետը եւ դեսպան Փոլադյանն անդրադարձան վերջերս սիրիական բանակի կողմից ազատագրված հայաբնակ Քեսաբում այժմ տիրող իրադրությանը:

Այցի շրջանակներում դեսպան Փոլադյանն այցելեց Քեսաբ, ուր քաղաքապետ Վազգեն Չափարյանի եւ շտապօգնության մարմնի հետ քննարկեց քեսաբահայերի՝ հայրենի քաղաք վերադարձի եւ նոր կյանք սկսելու հետ կապված դժվարություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Դեսպանն այցելեց նաեւ Քեսաբի ռազմական ընդհարումների ընթացքում տուժած հայկական եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները:

Այնուհետեւ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Լաթաքիայի հոգեւոր հայրեր եւ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագրեր ստացան մի քանի տասնյակ լաթաքիահայեր:

Շնորհավորելով անձնագիր ստացողներին` դեսպան Փոլադյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր հայի կյանքում մեծ եւ հիշարժան իրադարձություն է ՀՀ քաղաքացի դառնալը, եւ հույս հայտնեց, որ իրենց գործունեությամբ նրանք մշտապես բարձր կպահեն ՀՀ քաղաքացու պատիվը:

Իրենց ելույթներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձր գնահատեցին ՀՀ ղեկավարության դերակատարությունը թե՛ քեսաբահայության, թե՛ առհասարակ սրիահայության խնդիրներին լուծումներ գտնելու հարցում: