ՀՀ Վերաքննիչ դատարանը հունիսի 23-ին անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով անցնող բոլոր 6 մեղադրյալներին 12 տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի որոշումը, քանի որ գործն ուներ հասարակական աննախադեպ հնչեղություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալների փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում:
«Երանգավորումներ տվեցին, թե ինչ-որ անձանց փորձում են պետական մարմինները պաշտպանել եւ այլն, եւ որպեսզի այդ թիրախի տակ չընկնեն, թե իբր պաշտպանում են, նախաքննական մարմինը, ապացույց չունենալով, մարդկանց ձերբակալեց: Նրանք քանակ ապահովեցին, որից հետո այս մեղադրանքներն ուղարկեցին դատարան»,- նշեց փաստաբանը:
Փաստաբանի խոսքով, մեղադրանքի հիմքում ընկած տուժողների ցուցմունքներն անգամ չեն հաստատում մեղադրյալներից որեւէ մեկին առաջադրված մեղադրանքը. «Եթե անգամ իրենք չեն կարողանում իրենց ցուցմունքներով հաստատել, թե ով ինչ է արել, ուրեմն որեւէ մեկը չի կարող դա անել: Մեղադրանքի մեջ նշված է, որ Արկադի Աղաջանյանին նույնպես ծեծի են ենթարկել, բայց Արկադի Աղաջանյանը դատարանում հայտարարեց, որ 6 ամբաստանյալներից որեւէ մեկն իրեն չի հարվածել: Եթե այդպես է, ուրեմն ինչպե՞ս են առաջին ատյանում եւ Վերաքննիչում նշում, որ վեց ամբաստանյալները նաեւ Արկադի Աղաջանյանին են ծեծի ենթարկել»:
Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում, բայց հույսերը մեծ չեն.
«Սա նույնպես մեծ հույսեր չի իր մեջ պարունակում, բայց դա պարտադիր պայման է, որպեսզի այս խախտումների առումով Եվրոպական դատարան բողոք ներկայացնենք: Սովորաբար մոտ չորս տարի է դա տեւում Եվրոպական դատարանում: Նման բան չի լինում, որ 6 հոգու դատապարտեն, նույն արարքի համար եւ 6-ն էլ ստանան նույն պատժաչափը: Նույնիսկ մեր Վճռաբեկ դատարանը նախադեպ ունի, որ ասում է՝ պետք է բացառել հանցակիցների հավասարաչափ պատիժները»:
Հարցին, թե արդյոք ամբաստանյալների կողմից սխալ չէր նախաքննության ժամանակ ցուցմունքը չտալը եւ միայն դատաքննության ավարտին խոսելը, փաստաբանն ասաց. «Գուցե նաեւ սխալ էին, բայց ամեն դեպքում դա սխալ չէր, դա իրենց իրավունքն էր: Գուցե մարտավարական սխալ է դա, բայց գուցե ավելի վատ ազդեցություն ունենար, չգիտենք, բայց համենայն դեպս իրենց իրավունքն է, որը չի կարող ի վնաս իրենց մենկաբանվել: Մեղադրյալը կարող է նաեւ դատաքննության ամենավերջում ցուցմունք տալ եւ ասել՝ այդ ժամանակ եմ ասում, դա ոչ մեկ չի կարող ի վնաս իրեն մեկնաբանել»:
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին, երբ դատաքննությունն ավարտին էր մոտենում Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, «Հարսնաքարի» գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալները անսպասելի հայտարարություններով հանդես եկան: Մեղադրյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ Վահե Ավետյանին հարվածել է միայն ինքը։ Ամբաստանյալը Գարիկ Մարգարյանն էլ ասաց, որ ինքն է հարվածներ հասցրել գործով տուժող Արտակ Բայադյանին: Դատարանը, սակայն, նրանց խոստովանականները արժանահավատ չհամարեց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումն անփոփոխ թողեց։





























