ԱՄՆ Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի բնակիչ Ռոյ Քոքրումը շահել է Powerball վիճակախաղում, որի ջեքփոթը կազմել է 259,8 միլիոն դոլար:
Հուլիսի 3-ին վիճակախաղի կազմակերպիչները հայտնել են, որ Ռոյ Քոքրումը գումարի հետեւից եկել է միայն մի քանի շաբաթ անց: Ըստ նրա՝ փողի հետեւից գնալուց առաջ ինքը դիմել է ֆինանսական հարցերով մասնագետի:
Քոքրումը որոշել է շահումն ամբողջությամբ վերցնել: Այդպիսով, ըստ վիճակախաղի պայմանների, շահույթը կազմել է 153 միլիոն դոլար: Քոքրումն ամբողջ ջեքփոթը կստանար, եթե որոշեր այն մաս-մաս ստանալ 30 տարվա ընթացքում:
Հաղթողը պատմել է, որ մրցանակի մեծ մասն ինքը ներդնելու է ԱՄՆ թատերական եւ պարային ստուդիաներին աջակցող հիմնադրամում, որ պատրաստվում է ստեղծել:
Ամերիկացին երջանիկ տոմսը գնել էր տեղի խանութում, որի տերն արդեն ստացել է 25 հազար դոլար պարգեւավճար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























