Էրեբունու բաժնի ոստիկանները բռնությունների միջոցով ցուցմունք են կորզել մեղադրյալից: Այդ մասին ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«2012 թ. նոյեմբերի 30-ին, առավոտյան մոտ ժամը 07:30-ին, իր վարձակալած բնակարանից Ալեքսանդր Ցվերիանովը բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժին: Նոյեմբերի 30-ին Ա. Ցվերիանովը խոստովանել է, որ 2012 թ. սեպտեմբերից մինչեւ նույն տարվա նոյեմբերի 30-ը կատարել է բնակարանային 16 գողություն:

Ինչպես արձանագրել է նախաքննական մարմինը, նոյեմբերի 30-ին Ցվերիանովը ընդունել է մեղքը ոստիկանությանը հայտնի գողության 2 դեպքերի մեջ, եւ եւս 14 դեպքի վերաբերյալ ինքնակամ խստովանություն է տվել՝ մանրամասնելով գողության դեպքերից յուրաքանչյուրի օրը, տեղը, հանգամանքները եւ հափշտակած իրերի ցանկը:

Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ երեւույթ չկա՝ ՀՀ ոստիկանությունը իր ՊԱՐՏՔՆ է կատարել ձերբակալելով բնակարանագողին: Մինչդեռ իրականությունն ամբողջովին այլ է:

Ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 30-ին՝ առավոտյան գնացել են Ա. Ցվերիանովի վարձակալած բնակարան, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժին՝ առաջադրելով մեղադրանք Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած մի շարք գողություններում:

Ոստիկանության բաժնում Ա. Ցվերիանովը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, նա հայտնել է, որ ոստիկանների նշած գողություններից եւ ոչ մեկի հետ կապ չունի: Սակայն ոստիկանների կիրառած բռնություններից, հոգեբանական ճնշումներից եւ խոշտագումներից, մասնավորպես էլեկտրաշոկերի օգտագործմամբ եւ այլ սպառնալիքներից հետո Ա. Ցվերիանովը ստիպված է եղել խոստովանել այնպիսի հանցագործությունների կատարման համար, որոնք ինքն իրականում չի գործել:

Հաջորդող օրերի ընթացքում ոստիկանների ուղեցությամբ Ա. Ցվերյանովը մատնանշել է այն բնակարանները, որտեղից նա իբր գողություն է կատարել կամ փորձել է կատարել:

Բարեբախտաբար, 2014 թ. մայիսի 30-ին Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ի տարբերություն ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի, արդարացի գտնվեց:

Լսելով վկաների, տուժողների եւ մեղադրյալի ցուցմունքները, ինչպես նաեւ ուսումնասիրելով նախաքննական մարմնի իրականացրած «քննության» նյութերը կայացրեց Ալեքսանդր Ցվերիանովին արդարացնելու վերաբերյալ որոշում, գտնելով, որ նախաքննական մարմինը քննությունը իրականացրել է ոչ պատշաճ կերպով:

Ի դեպ, հարկ է նշել, որ այս գործով ոստիկանություն տուժած քաղաքացիներից ոչ ոք հաղորդում չէր ներկայացրել եւ դատարանում նույնպես նրանք ամբաստանյալի նկատմամբ որեւէ բողոք կամ գույքային պահանջ չներկայացրեցին:

Այս գործը, սակայն այսքանով չէր կարող վերջանալ քանի որ, մինչեւ մայիսի 30-ի դատական ակտի հրապարակումը, Ա. Ցվերիանովը մայիսի 25-ին ՀՀ ՀՔԾ դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետական հատուկ ծառայություն իրականցնող պաշտոնյաները 2012 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, իրեն բերման են ենթարկել բաժին, որտեղ բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ հարկադրել են խոստովանել տարբեր գողությունների կատարում, որոնց հետ իրականում առնչություն չի ունեցել:

2014 թ. հունիսի 4-ին ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Զ. Թադեւոսյանը, վերանայելով Ա. Ցվերիանովի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը, կայացրել է որոշում բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ:

Այսպիսով, այս գործով Ա. Ցվերիանովը ճանաչվել է տուժով, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տուժողի ներկայացուցիչ»: