Աֆրիկյանների շենքը նույն վայրում վերականգնելու համար Աֆիկյանների ժառանգները դիմել են մշակույթի նախարարությանը, որն էլ այս պահին բանակցություններ է վարում սեփականատիրոջ հետ. նախնական համաձայնությունն արդեն կա, որպեսզի շենքը վերականգնվի նախկինից ընդամենը 3 մետր հեռավորության վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աֆրիկյանը, որն «Աֆրիկյանների պանդոկի» տնօրենն է:
«Հուլիսի 3-ին հանդիպել եմ մշակույթի նախարարության աշխատակիցների հետ, որոնք էլ այս պահին բանակցում են սեփականատիրոջ հետ, որպեսզի Աֆիկյանների շենքը նույնությամբ վերականգնվի հենց նույն տեղում, պարզապես 3 մետր հեռավորության վրա: Իմ տեղեկություններով՝ նախնական համաձայնությունն արդեն կա: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ արդեն վերջնական կիմանանք: Մենք ամեն պարագայում դեմ ենք, որպեսզի շենքը վերականգնվի այլ վայրում, չնայած որ ամբողջ ֆասադն արդեն ապամոնտաժված է, գործը մաքուր են անում, ընդամենը մեկ-երկու քար է վնասվել: Բայց այն վայրը, որտեղ տեղափոխում են քարերը, աղբանոց է իսկական»,- ասաց նա:
Աֆրիկյանների ժառանգի խոսքով՝ իրենք փորձել են հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը սակայն հրաժարվել է նրանց ընդունել. «Ինչքան որ ես գիտեմ, Հովիկ Աբրահամյանը Նարեկ Սարգսյանի հետ եկել է Աֆրիկյանների շենք, ծանոթացել իրավիճակին: Ու ինձ տեղեկություններ են հասել, որ վարչապետը Նարեկ Սարգսյանին հանձնարարել է «Հին Երեւան» նախագիծն արագացնել, բայց մենք, միեւնույնն է, դեմ ենք Աֆրիկյանների շենքն այնտեղ տեղափոխելուն»:
Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է՝ որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որ այն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի:




























