Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում՝ մարտական դիրքում, մարտի 20-ին ոտքից հրազենային վիրավորում ստացած սպա 26-ամյա Վարազդատ Զաքարյանն արդեն ապաքինվել է եւ անցել ծառայության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վիրավորված սպայի հայրը՝ Գուրգեն Զաքարյանը, որը Արագածոտնի Սուսեր համայնքի գյուղապետն է:
«Իմ տղան մեկ ամիս պառկել է հոսպիտալում, այնուհետեւ անցել ծառայության, «զամպալիտն» է էդ զորամասի: Դեպքի վերաբերյալ էլ իմ տղան հարցաքննվել է, առերեսում է եղել բոլոր ներկաների միջեւ, այնտեղ բացի իմ տղայից՝ եղել են վաշտի հրամանատարը, վարորդը, ուրիշ մի զինվոր, իսկ մահացած 20-ամյա Արման Ղուկասյանն իմ տղայի զինվորը չի եղել: Չեմ հասկանում, թե ինչու է այդ տղայի հորեղբայրը ձեզ նման բան ասել»,- ասաց նա:
Նշենք, որ այս միջադեպի հետեանքով մահացել էր 20-ամյա Արման Ղուկասյանը, ում հարազատները NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքից հետո հանդիպել են վիրավորված սպային, որն էլ ասել էր, թե «խաղ ենք արել»:
«Մահացած զինվորի ծնողների վիճակը հասկանում ենք, շատ բան կարող են ասել, չի կարելի է այս ամեն ինչը փաթաթել մյուսների գլխին: Երբ իրենք եկել են հիվանդանոց, ես այնտեղ եմ եղել, ինչո՞ւ այդ ժամանակ առճակատ չխոսեցին: Ես եղել եմ դիրքերում, տեսել եմ, թե կրակոցները ոնց են եղել, ինչ հեռավորության վրա է եղել: Չէր բացառվում, որ իմ տղան կարող էր մահանալ, այդ մթության մեջ, այդքան շատ կրակոցների մեջ: Թող դատախազությունն ամեն ինչ պարզի»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մարտի 20-ին, մեկ ժամկետային զինծառայող էր մահացել, մեկ սպա էլ՝ վիրավորվել: Սպան՝ 26-ամյա Վարազդան Զաքարյանը, տեղափոխվել էր Ստեփանակերտի հոսպիտալ: Նա Արագածոտնի Սուսեր գյուղի բնակիչ է: Մահացած զինծառայողը 20-ամյա Արման Ղուկասյանն էր, որը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր: դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այն առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով:





























