Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հետեւողական աշխատանք է տարվում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծերի հեռախոսահամարներով բարձրացվող հարցերին օպերատիվ լուծումներ տալու ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե  աշխատանքային օրերին առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 18:00-ն  քաղաքացիների կողմից ստացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հեռախոսազանգեր:

2014 թվականի առաջին կիսամյակում Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 12 հազար 236 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում բարձրացված 2810 հարց փաստաթղթային ընթացք է ստացել եւ փոխանցվել համապատասխան ստորաբաժանում, որից հետո՝ սահմանված ժամկետներում կարգավորվել:

Կիսամյակային տվյալներով՝ վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին էլ ստացվել է 1977 հեռախոսազանգ, որից 384-ը՝ միայն վերջին ամսում:

1-08 շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարին  հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է քաղաքապետարանի իրավասության շրջանակում գտնվող հարցերով 1118 հեռախոսազանգ: Բարձրացված բոլոր հարցերն անմիջապես ընթացք եւ լուծում են ստացել: