Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, անցնում է լարված մթնոլորտում։ Ցուցմունք է տալիս տուժող Արթուր Հակոբյանը։ Դատավոր Վաղինակ Մկրտչյանը անընդհատ փորձում է դատարանում կարգ պահպանել։ Նա տուժող կողմին թույլ չի տալիս Վարդան Պետրոսյանին հանցագործ անվանել. «Քանի վճիռ չի եղել, դուք իրավունք չունեք նման անուն տալ այս դատարանի դահլիճում»:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Արթուր Հակոբյանին հարցաքննելիս երբեմն ժպտում էր, ինչը հունից հանեց մյուս տուժողին՝ Հայկ Հակոբյանին։

«Ինչո՞ւ ես ժպտում, տես՝ էնի ոնց ա դերասանություն անում, դու էլ ըտենց արա»,- տեղից ասաց Հայկ Հակոբյանը՝ նկատի ունենալով մեղադրյալին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչեւ այդ էլ Հայկ Հակոբյանը տեղից անընդհատ վիրավորում էր փաստաբանին՝ նրան անվանելով «տավար», «վիժվածք» եւ նույնիսկ հայհոյում։ Ի վերջո, դատավորը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ եւ հեռացրեց։

Դատավորը նկատեց, որ ոչ ոք իրավունք չունի փաստաբանին վիրավորելու, ինչին Արթուր Հակոբյանը պատասխանեց. «Իսկ ինքն իրավո՞ւնք ունի՝ մեր վերքի վրա աղ լցնի»։

Իր ցուցմունքում Արթուր Հակոբյանն ասաց, որ ոչ դերասան Վարդան Պետրոսյանը, ոչ էլ նրա ընտանիքը մինչեւ այսօր իրենց հասցված վնասը որեւէ կերպ չի փոխհատուցել, օգնություն չի ցուցաբերել։ Նրա խոսքով՝ ամիսներ առաջ Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը զանգել է իրեն ու հանդիպում խնդրել իրեն, որի ընթացքում ասել է, որ լուրեր են տրածվել, թե ինքը Հակոբյաններին թույլ չի տալիս հաշտվել Վարդան Պետրոսյանի հետ։

«Զանգեց մեր մոտ դատապաշտպանին, ասեցինք՝ քո խաթր ենք անում, թող հանդիպենք, տեսնենք՝ ինչ ա: Մինչեւ այսօր ոչ մի հարցի լուծում չի եղել, քանի որ ամբաստանյալը շատ վատ վիճակի մեջ ա, ոչ մի ֆիանանսական բան չի կարող անել: Իր ա հայտարարություններն են նյարդայնացնող, իսկ որ ինքը մի քիչ շուտ ասեր, որ ոչ մի բանով չի կարողանում օգտակար լինել, մենք մարդ ենք, կմտնեինք իրանց դրության մեջ։ Դրանք եղան խաղեր մեր ներվերի հաշվին: Ամեն օր պարտադիր ա գերեզման գնալը, ամեն ամսի 20-ին մենք գնում ենք, ուղղակի սա  հայ տղամարդուն անվայել բաներ են: Մինչ օրս վնասի հատուցում չի եղել, բայց մեր վիշտն ա, մեր երեխեքն են»,- ասաց Արթուր Հակոբյանը:

Նա հերքեց նաեւ պաշտպանական կողմի ներկայացրած փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ իր վարած «Նիվա» մակնիշի մեքենան վթարի պահին հետընթաց է կատարել։ Նիկոլայ Բաղդասարյանի հարցին, թե արդյոք վթարի պահին ընթացել է հետընթաց, տուժողը պատասխանեց. «Ասում եմ՝ մեքենայի ձեն եմ առել, գազ եմ տվել, բայց հետընթաց չեմ գնացել»։

Նիկոլայ Բաղդասարյանի հարցից, թե որն է եղել նպատակը՝ տուժող կողմը բորբոքվեց. «Մեր նպատակը տուն հասելն էր, երեխեքին տուն տանելն էր, ոչ թե էն, որ 9 ամիս է՝ իրանք չկան»։

Մեքենան հետընթաց վարելու վերաբերյալ Նիկոլայ Բաղդասարյանի մյուս հարցերին տուժողը չպատասխանեց՝ ասելով, որ ոչինչ չի հիշում. «Երեխեքիս թաղմանը չեմ եղել, ի՞նչ հիշեմ։ Որ դու երեխա թաղեիր, տենց բաներ կհիշե՞իր հիմա»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզարակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։