Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը՝ BND-ն, այնքան սերտ է համագործակցել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հետ, որ դարձել է նրա «կցորդը»: Այս մասին Գերմանիայում օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեության հետաքննության հարցերով Բունդեսթագի հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԱԳ նախկին աշխատակից Թոմաս Դրեյքը:

Նրա խոսքով, BND-ն օգտագործել է ամերիկյան գործընկերների տվյալները, ինչը կարող է Գերմանիայի Դաշնային հանրապետության Սահմանադրության խախտում համարվել: Դրեյքի կարծիքով, գերմանական հատուկ ծառայության հայտարարությունն այն մասին, որ տեղյակ չի եղել ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության իրականացրած տվյալների զանգվածային վերահսկողության մասին, բացարձակապես ճշմարտանման չէ:

Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, նա նաեւ պնդում է, որ BND-ն ԱԱԳ-ին տվյալներ է տրամադրել, որոնք անհրաժեշտ են եղել ԱՄՆ-ին անօդաչու ինքնաթիռներով ռազմական գործողություններ իրականացնելու համար: Բունդեսթագի հանձնաժողովի անդամներն արդեն հայտարարել են, որ մտադիր են առավել մանրամասն ուսումնասիրել այդ հարցում Գերմանիայի դերը:

Թոման Դրեյքի կարծիքով, Գերմանիայի կառավարությունը պետք է գերմանական հետախուզական ծառայություններին ստիպի իր գործունեությունն ավելի թափանցիկ դարձնել: «Պետք չէ սպասել, մինչեւ գերմանական Էդվարդ Սնոուդեն հայտնվի»,- հայտարարելէ Դրեյքը: