Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկեների գործով դատական նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով՝ պաշտպան Ինեսա Պետրոսյանի բացակայության պատճառով:

Մինչեւ դատական նիստը սկսվելը ընկերերը շնորհավորեցին ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանին, որն այսօր դառնում է 39 տարեկան։

«Բոլորիդ հաջողություն եմ ցանկանում, դուխով եղեք, էս երկիրրը մերն ա»,-պատասխանեց Արմեն Հովհաննիսյանը:

Նշենք, որ դատարանն անցել է ապացույցների հետազոտման փուլին։ Դատարանում տեղադրվել է մեծ էկրան, ցուցադրվում են դեպքի օրվա տեսագրությունները։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):