Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը Հայաստանում ապրող 80 % ընտանիքների վրա կազդի միանշանակ, իսկ 15% ունեւոր ընտանիքների համար դա ոչ զգալի գումար է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով 2014թ. օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան սպառողների համար 10%-ով թանկացնելու ՀԾԿՀ որոշմանը։
Ըստ սոցիոլոգի, մատչելի էլեկտրաէներգիա ստանալու միակ հնարավոր տարբերակը արեւային էներգիան է։ «Եթե մենք կիրառեինք 18 տարի առաջ արված առաջարկությունը, ըստ որի, էլեկտրաէներգիա հնարավոր է ստանալ արեւային լույսի միջոցով, այսպիսի խնդրի առաջ չէինք կանգնի»,- ասաց նա։
Խոսելով տարբեր երկրներում էլեկտրաէներգիայի խնայողության եղանակների մասին՝ Ահարոն Ադիբեկյանն առաջարկեց, օրինակ, գերմանացիների նման էլեկտրաէներգիայի օգտագործման ռացիոնալ ռեժիմի անցնել՝ առավոտյան վաղ արթնանալ, աշխատանքի գնալ, իսկ երեկոյան ժամը 21։00-ին պառկել քնելու։
Ըստ նրա գերմանացիները, ի տարբերություն այլ, ազգերի ավելի ռացիոնալ են մտածում եւ հստակ կարողանում են իրենց ամսական ծախսերը բաշխել՝ ըստ եկամուտների։
«Գերմանացի կինը հստակ գիտի իր մեկ ամսում մուտքային եւ ելքային գումարները եւ թղթի աջ կողմում գրում է ընտանեկան բյուջե մտնող գումարի չափը, իսկ ձախ կողմում՝ ցանկացած ծախս»,- ասաց նա։
Ադիբեկյանն առաջարկում է գերմանացիների օրինակով լոգարանի ջուրը մի քանի անգամ օգտագործել՝ ջրում քիմիական նյութեր ավելացնելու միջոցով այն մանրէազերծելով. «Ջակուզիում օգտագործվող ջուրը միայն մեկ անգամ օգտագործելով՝ հայերը շռայլություն են ցուցաբերում»։
Սոցիոլոգի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում մարդիկ կվարվեն այնպես, ինչպես գազի գնի բարձրացման դեպքում. կսկսվի խնայողության փուլ։
«Եթե նախկինում մենք բոլորս մոռանում էին լույսը անջատել, ապա հիմա ես իմ օֆիսի աշխատողներին, տնեցիներին զգուշացնում եմ, որ զուգարանից դուրս գալուց հետո եւս լույսը չմոռանան անջատել»,- ասաց Ադիբեկյանը։
Անդրադառնալով կառավարության որոշմանը, որով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելու նպատակով` անապահով ընտանիքներին տրամադրվող ընտանեկան նպաստի չափն ավելացնելու են 1000 դրամով, սոցիոլոգը նշեց. «Մի բուռ բուրդ պոկելը խեր ա»։
Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհանգեցնի մի շարք ապրանքների եւ ծառայությունների թանկացմանը։
«Որքան տվյալ ապրանքատեսակը էներգատար է, այդքան նրա գինը կբարձրանա»,- ասաց նա՝ նկատելով, որ կարկանդակներն արդեն 5 դրամով թանկացել են։
Սոցիոլոգի կարծիքով՝ պետությունից օժանդակություն այս հարցում ակնկալել պետք չէ. «Բարի քեռիների, բարի երկրների դարը անցել է։ Պետությունը մեր դայակը չէ, եւ մենք ինքներս մեզ վրա պետք է հույս դնենք»։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, որով Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան այս տարվա օգոստոսի 1-ից կթանկանա 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով: Ցերեկային սակագինը բնակիչների համար 38 դրամից կդառնա 41,85 դրամ՝ մեկ կվ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 31,85 դրամ: Գիշերային սակագները գործում են ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ը (մարտի վերջին կիրակիից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակին), եւ ժամը 23.00-ից մինչեւ ժամը 07.00-ն, հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին կիրակին:





























