Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Արեւելյան եւ Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ նոր ծրագրերի ներդրմամբ: Կառավարությունը հետեւողական է լինելու յուրաքանչյուր ծրագրի հաջող իրականացման գործում»,- նշել է վարչապետը:
Ֆրենսիս Մալիժը նախ ներկայացրել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ նշել, որ Եվրոպական բանկն առաջիկայում եւս պատրաստ է օժանդակել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, այդ թվում ենթակառուցվածքների եւ էներգետիկ բնագավառների զարգացմանը: ՎԶԵԲ-ի Արեւելյան եւ Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրենը ողջունել է ՀՀ նոր կառավարության գործունեությունը՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսական հավասար պայմանների ներդրմանը եւ մենաշնորհների դեմ պայքարին:
Միաժամանակ, Ֆրենսիս Մալիժը տեղեկացրել է, որ ՎԶԵԲ-ն առաջիկայում պետք է հաստատի Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում հայկական կողմի հետ փոխգործակցությամբ կսահմանվեն երկկողմ առաջնահերթությունները:
Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանին նոր դրամաշնորհի տրամադրման ծրագիրը, որն ուղղված է լինելու վերականգնողական էներգետիկայի բնագավառին:
Ֆրենսիս Մալիժը հայտնել է նաեւ, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ներդրումներ իրականացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, էներգաարդյունավետության բարձրացման եւ շրջակա միջավայրի բարելավման նպատակներով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը, այնուհետեւ ներկայացրել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության մոտեցումներն ու ծրագրերը:





























