ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի հրավերով օրերս Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ հյուպատոսության կցորդ Մանվել Ավետիսյանը գտնվում էին Արխանգելսկում: Արխանգելսկում էին գտնվում նաեւ ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից  NEWS.am-ին հայտնեցին, թե հայաստանյան պատվիրակությունը հանդիպեց Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի եւ նահանգային իշխանության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ եւ ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության հարցեր: Մասնավորապես քննարկվեցին Արխանգելսկի նահանգի եւ Վայոց Ձորի մարզի գործարար եւ մշակութային խնդիրներ պարունակող կոնկրետ հարցեր:

Հանդիպումից հետո Արխանգելսկի Ուսպենսկի սբ. Աստվածամոր տաճարի առջեւ տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը՝ տեղի հայ համայնքի ներկայությամբ: Բացմանը ելույթներով հանդես եկան Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը, միտրոպոլիտ Դանիիլը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Այնուհետեւ պատվիրակության անդամները մասնակցեցին վեցերրորդ Հյուսիսային միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Արխանգելսկի մարզի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի եւ հոգու ազատության Հասարակական պալատի նախագահ՝ Արխանգելսկի տարածաշրջանային հայ համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը: Ելույթով հանդես եկավ նաեւ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը իր խոսքում կարեւորեց մարզի իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերությունները:

Կեսօրին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Արխանգելսկի եւ Վայոց Ձորի մարզերի միջեւ բուժիչ-առողջարար զբոսաշրջության բնագավառում համագործակցության հարցերի  քննարկում:

Աշխատանքային հանդիպումից հետո պատվիրակության անդամները մասնակցեցին Արխանգելսկի մարզպետարանի եւ հայ համայնքի կողմից կազմակերպված Հայաստանի ազգային խոհանոցի եւ կիրառական արվեստի ցուցահանդեսին:

Երեկոյան պատվիրակության անդամները մասնակցեցին վեցերորդ Հյուսիսային միջազգային համաժողովի եւ Արխանգելսկում Հայաստանի մշակութային օրերի հանդիսավոր բացման արարողությանը: Բացմանը ելույթներով հանդես եկան Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Ելույթներից հետո պատվիրակության անդամները մասնակցեցին վեցերորդ Հյուսիսային միջազգային համաժողովին նվիրված համերգին, որեղ ելութով հանդես եկան Հյուսիսային ռուսական ակադեմիական ազգային երգչախումբը, հայ համայնքի եւ Արխանգելսկի մարզի ազգամշակութային համույթները: