Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում 22-ամյա հային մեղադրանք է ներկայացվել ազդեցության տակ մեքենա վարելու մեղադրանքով: Արագ ընթացքի ժամանակ նրա եղբայրը դուրս է թռել մեքենայից եւ լուրջ վնասվածք ստացել, հաղորդում է  «Glendale News-Press» թերթը:

Ոստիկանները դեպքի վայր են շտապել, որտեղ եւ գտել են գլխի լուրջ վնասվածք ստացած 24-ամյա երիտասարդին: Վերջինիս տեղափոխել են Լոս-Անջելեսի բուժկենտրոն: Հիվանդանոցի ճանապարհին տուժածը ուշքի է եկել եւ ոստիկաններին պատմել, որ ընկել է իր եղբոր ավտոմեքենայից: Ականատեսը ոստիկանությանը պատմել է, որ ավտոմեքենայի ղեկին Գրիգոր Աղաջանյանն է եղել, իսկ տուժողը՝ շարժվող մեքենայի խցիկում: Այնուհետեւ Աղաջանյանը կտրուկ մեծացրել է արագությունը, որի հետեւանքով տուժողը դուրս է թռչել մեքենայից եւ գլխով հարվածել մայթին:

Սթափության թեստը պարզել է, որ Աղաջանյանը գտնվել է  մարիխուանայի եւ հանգստացնող միջոցի ազդեցության տակ: Նա կալանավորվել է ազդեցության տակ ավտոմեքենայի վարման կասկածանքով եւ ազատ արձակվել 100 հազար դոլար գրավի դիմաց: Տուժողը վիրահատվել է ներքին արյունահոսության ճնշման նվազեցման նպատակով եւ այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում: