Թուրքական կողմը ցանկանում է աշխարհին փոխանցել այն ուղերձը, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրապետության նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կարող է լինեն որոշ արմատական փոփոխություններ ամենաբարդ թեմաների կապակցությամբ: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով թուրքական Taraf պարբերականի հրապարակմանը, թե Թուրքիան պատրաստվում է սեպտեմբերին բացել հայ-թուրքական սահմանը:
«Հայ-թուրքական սահմանը բացելու մասին խոսակցություններ պարբերաբար լինում են, սակայն աննախադեպ երեւույթ է խոսել այս մասին նախագահական ընտրությունների շեմին: Թուրքական պարբերականը խոսում է նախապատրաստությունների մասին, իհարկե դրանց մասին նախկինում էլ է խոսվել, սակայն այժմ այն քաղաքական ֆոնի վրա է ներկայացված՝ ուղղակիորեն ներկայացնելով՝ որպես վարչապետ Էրդողանի կողմից արված հանձնարարություն: Հետաքրքրական է, որովհետեւ մինչեւ հիմա հայ-թուրքական սահմանի բացման խոչընդոտ ներկայացվում էր հենց Էրդողանի դիրքորոշումը, իսկ այս անգամ խոսվում է վարչապետի հանձնարարականի մասին»,- ասաց նա:
Հայկական թերթի խմբագիրը զարմանում է, թե ինչու Թուրքիայի կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունն այս հրապարակմանը չեն արձագանքում:
«Արտաքին քաղաքականության նման կարեւոր որոշում Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ վարչապետ Էրդողանին դիվիդենտներ բերելու նյութը չէ, բայց համենայն դեպս ուզում է թուրքական կողմը աշխարհին կոնկրետ ցույց տալ, որ Էրդողանի նախագահության օրոք դրական տեղաշարժեր կլինեն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ»,- ավելացրեց նա:
Նշենք, որ թուրքական Taraf պարբերականը մասնավորապես գրել էր. «Էրդողանն առաջին քայլն արդեն արել է հարաբերությունների կարգավորման համար՝ ապրիլի 24-ի նախօրեին ցավակցություն հայտնելով հայերին: Հիմա վարչապետը պատրաստ է երկրորդ քայլն անել եւ հանձնարարել է ամեն ինչ նախապատրաստել՝ սեպտեմբերին սահմանը բացելու համար: Սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռեւս երկու տարի առաջ: Այսպես, 7 կմ ճանապարհ է ասֆալտապատվել, սահմանի մոտ մաքսային համապատասխան սարքավորումներ են տեղադրվել: Բացման պաշտոնական ժամկետը դեռեւս հայտնի չէ, սակայն լուրեր են պտտվում, որ սեպտեմբերին արդեն այն սկսելու է աշխատել»:





























