Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կքննարկեն երկկողմ համագործակցությունը: Պուտինը Ստամբուլում է` մասնակցելու համար Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցառումներին նվիրված վեհաժողովին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: Նրա խոսքով, Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը տեղի կունենա այսօր` հունիսի 8-ի առավոտյան:

Բացի այդ, սպասվում է, որ Ստամբուլում Պուտինը կհանդիպի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ:

Նրանց հանդիպումներում նախատեսվում է քննարկել առեւտրա-տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հարցը, կարծիքներ փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ՝ ներառյալ իրավիճակը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում:

Բացի այդ, վեհաժողովի շրջանակում ՌԴ վարչապետը աշխատանքային հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիեւի, Նուրսուլթան Նազարբաեւի եւ Վիկտոր Յանուկովիչի հետ: