Ընթացիկ տարին,  ընդհանուր առմամբ, բարենպաստ է գյուղատնտեսության համար: Այդ մասին այսօր՝ հուլիսի 4-ին հայտնել են գյուղնախարարության պաշտոնյաները՝ ներկայացնելով ոլորտի իրավիճակը կիսամյակային կտրվածքով:

Նրանց խոսքով, որպես բացառություն պետք է նշել մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին հանրապետությունում գրանցված ցրտահարություններն ու ձյան տեսքով առատ տեղումները, որի հետեւանքով  Արարատյան  հարթավայրի եւ նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կորստի մատնվեց ծիրանի բերքը: Այն հիմնականում պահպանվել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Վայոց Ձորի եւ Կոտայքի մարզերի բարձրադիր համայնքներում: Ակնկալվում է մինչեւ 8 հազար տոննա ծիրանի բերք՝ նախորդ տարվա 88,8 հազար տոննայի դիմաց:

Բարձր բերք է սպասվում հացահատիկային, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի, կարտոֆիլի ցանքերից, դեղձենու, խնձորենու, տանձենու, խաղողի այգիներից:

Լարսի անցակետի փակումը որոշակի խոչընդոտներ ստեղծեց հանրապետությունից կեռասի, կարտոֆիլի, բանջարեղենի որոշ տեսակների արտահանման գործում: Այդ ընթացքում որպես այլընտրանքային ուղի օգտագործվեց օդային փոխադրումների կազմակերպումը:

Անցակետի վերգործարկումից հետո անարգել շարունակվում է հանրապետությունից պտուղ-բանջարեղենի արտահանումը: Այսօրվա դրությամբ արտահանվել է 1523 տոննա վաղահաս կարտոֆիլ, 343 տոննա կեռաս, 168 տոննա ծիրան եւ այլն:

Շուկայում որոշ մրգերի ու բանջարեղենի ներկայիս համեմատաբար բարձր գները սեզոնային բնույթ են կրում եւ առաջիկա 10-15 օրերի ընթացքում աստիճանաբար կկարգավորվեն: Մասնավորապես՝ ծիրանի գնի որոշակի  նվազում սպասվում է հուլիսի 5-ից հետո, լոլիկի մատչելի գներով մատակարարումը՝ հուլիսի 15-ից, ապա նաեւ մնացած պտուղներն ու բանջարեղենը: Պետք է նշել, որ այսօր մեծ պահանջարկ վայելող վաղահաս կարտոֆիլի մեծածախ գինը կտրուկ նվազել է եւ կազմում է 60-70 դրամ, կաղամբինը՝ 60-80 դրամ,  վարունգինը՝ 60-150 դրամ եւ այլն:

 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում վերջին ժամանակահատվածում գրանցվել են կարկտահարության դեպքեր (Լոռի, Շիրակ, Արագածոտն), որի հետեւանքով արձանագրվել են բերքի որոշ կորուստներ, սակայն դրանք մեծ ծավալ չեն կազմում եւ չեն գերազանցում բազմամյա միջին մակարդակը, ուստի՝ հանրապետության ընթացիկ տարվա ընդհանուր ցուցանիշների վրա էական ազդեցություն չեն ունենա:

Ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատությամբ ակնկալվում է 12.000 - 14.000 հա ցանքատարածությունների ավելացում, որից շուրջ 6000 հա հացահատիկային մշակաբույսեր: