Դեռեւս 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ անասնագլխաքանակի աճի ցուցանիշները հուսալի նախադրյալներ էին ստեղծել ընթացիկ տարում կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալներն ավելացնելու համար: Այդ մասին այսօր՝ հուլիսի 4-ին հայտնել են գյուղնախարարության պաշտոնյաները՝ ներկայացնելով ոլորտի իրավիճակը կիսամյակային կտրվածքով:

Ըստ օպերատիվ տվյալների եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված վերլուծությունների, 2014 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է շուրջ 407 հազար տոննա կաթ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է ավելի քան 105 %-ով, 35 հազար տոննա միս կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 107 %-ով եւ 393 մլն ձու, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 104.5 %-ով:

Համաձայն կանխատեսումների, ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ 2014 թվականին մեր երկրում արտադրվող կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 107 %-ով:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր հանրապետությունում նկատվում են գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի կտրուկ աճի միտումներ, ինչով էլ պայմանավորված է կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն աճը:

Հատկանշական է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը երեք տարի անընդմեջ առաջին կամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նախորդ տարվա համեմատությամբ անասնագլխաքանակի աճման ցուցանիշներով: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ երկրների շարքում առաջին կամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նաեւ որոշ կենդանական ծագման սննդամթերքի գների էժանությամբ: Այսպես, 1 կգ տավարի մսի գներով Հայաստանը զիջում է միայն Բելոռուսի Հանրապետությանը, իսկ պանրի ամենացածր գները ձեւավորված են Հայաստանում:

Անասնաբուծության ներկայիս վիճակը եւ զարգացման միտումները թույլ են տալիս փաստել, որ առաջիկա տարիներին եւս մեր երկրում կարելի է ակնկալել կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն եւ տեւական աճ: