Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով տուժող Արթուր Հակոբյանի՝ դատարանում եւ նախաքննական մարմնին տված ցուցմուքների միջեւ կան էական հակասություններ: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ասաց դատավոր Վաղինակ Մկրտչյանը եւ Արթուր Հակոբյանին խնդրեց տալ պարզաբանումներ:

Առաջին հակասությունն այն էր, որ նախաքննական մարմնին տված ցուցմունքներում  եւ դատարանում Արթուր Հակոբյանը տարբեր թվեր է ասել՝ անդրադառնալով մեքենայի կայանման վայրի (որը նաեւ վթարի վայրն է) եւ երթեւեկելի գոտու միջեւ եղած հեռավորությանը: Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել էր, որ հեռավորությունը եղել է 5 մետր, ապա ասել՝ 18-20 մետր, իսկ դատարանում այսօր ասաց 10-12 մետր։

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դա կարեւոր է, քանի որ դրանով կարող է որոշվել վթարի վայրը, ինչն էլ ըստ նրա՝ կապացուցի, որ Վարդան Պետրոսյանն անմեղ է:

Տուժող Արթուր Հակոբյանն ասաց, որ առաջին հարցաքննության ժամանակ ինքը վատ հոգեվիճակում է եղել, այս պահին էլ է վատ եւ իր համար միեւնույն է, թե որքան է եղել հեռավորությունը. «Հինգ մետր, տասը մետր, տասնհինգ մետր՝ ի՞նչ կարեւոր է. կարեւորն այն է, որ վթարը եղել է հողածածկ հատվածում: Ես այդ պահին չեմ իջել, չափել, հիմա ըտենց կոնկրետ չեմ հիշում: Հիշողությո՞ւն եք թողել. սաղ կյանքներս կործանված ապրում ենք, այ համբալ»,- ասաց տուժողը եւ դրանից հետո  դատարանի դահլիճում խառնաշփոթ սկսվեց:

Նիստի ընթացքում ընդհարում եղավ երկու կողմերի փաստաբանների միջեւ։ Երբ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը առարկում էր եւ դատավորին խնդրում էր հանել Նիկոլայ Բաղդասարյանի հարցերը, վերջինը բարկացած դիմեց իր գործընկերոջը. «Պապայի արեւ, դերասանություն ես անում»։

Դատավորն էլ իր հերթին բարկացավ. «Մի հատ ձեններդ կտրեք:  Փաստաբաներ, դուք ձեր բակում չեք:  Տուժող, այս դահլիճում նստած ոչ մեկ չի երազել, որպեսզի նման դեպք լինի, որ իրենք էլ գան նիստերին, ձեր նյարդայնությունը մի թափեք ուրիշների վրա»:

Երբ կողմերը հանդարտվեցին, դատավորի տուժող Արթուր Հակոբյանին հարցրեց, թե մեքենայի կայանման վայրի եւ երթեւեկելի գոտու միջեւ եղած հեռավորության վերաբերյալ իր որ պատասխանը  հիմք ընդունի, տուժողը պատասխանեց. «Տասը-տասներկու մետր»:

Դատավորի այն հարցին, թե ինչու է նախաքննական մարմնին տված ցուցմունքում մի անգամ ասել, որ վթարի պահին փոխանցման տուփը չի եղել հետընթացի վրա, մեկ ուրիշ անգամ էլ ասել է, թե եղել է, տուժողը պատասխանեց. «Ես վատ հոգեվիճակում եմ եղել, երկու տղա ենք կորցրել»:

Նշենք, որ հարցաքննությունը պարբերաբար ընդհատվում էր նմանատիպ վեճերով:

Հակոբյանների փաստաբանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ սխալ է այդ թվերի վրա ֆիքսվելը, քանի որ Արթուր Հակոբյանը առաջին ցուցմունքը տվել է վերակենդանացման բաժանմունքում եւ այդ օրն է իմացել որդու եւ եղբորորդու մահվան մասին .«Ամսի 20-ին դեպքը եղել է, 22-ին երբ վերակենդանացման բաժանմունքում էր, իմացել է, որ որդին եւ եղբորորդին մահացել են, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հոգեվիճակում է եղել: Նիկոլայ Բաղդասարյանի արածը ուղղակի շոուի մասն է»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզարակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։