Սա խայտառակություն է մեր պետության համար։ Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղավոր ճանաչված եւ 17 տարվա ազատազրկման դատապարտված, նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօր՝ հուլիսի 4-ին կայացրած որոշմանը։

«Նման որոշումները խայտառակություն են մեր պետության համար։ Այստեղ բացարձակապես արդարադատության մասին խոսք լինել չի կարող։ Մեկ տարին նվազեցրին  միայն նրա համար, որ չասեն, թե դատախազի պահանջն են կատարում»,- ասաց փաստաբանը։ Հիշեցնենք, որ մեղադրողը 18 տարվա ազատազրկում էր պահանջել։

Փաստաբանը պնդում է, որ դատարանը որոշումը կայացրել է առանց հիմնավորման՝ ենթարկվելով հասարակական ճնշումներին եւ հաշվի առնելով, որ բանակում սպանություններին հասարակությունը շատ զգայուն է արձագանքում։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ իրենք բողոքարկելու են առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, իսկ Հայաստանի դատական բոլոր ատյաններում արդյունքի չհասնելու դեպքում դիմելու են Եվրոպական դատարան։

Հարցին, թե ինչու Դավիթ Խաչատրյանի պաշտպանները ներկա չէին դատավճռի հրապարակմանը, փաստաբանը պատասխանեց. «Մեզ համար պարզից էլ պարզ էր՝ ինչ դատավճիռ է լինելու։ Մենք միշտ էլ նշում էին, որ հույս չկա, որ դատարանը օբյեկտիվ որոշում կկայացնի։ Իմաստ էլ չկար սպասելու դատավճռի հրապարակմանը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին դատարանը Դավիթ Խաչատրյանին դատապարտեց 17 տարվա ազատազրկման, որից 13-ը՝ Լյուքս Ստեփանյանի սպանության համար է, 4-ն էլ՝ նրա մյուս ծառայակից Հրաչյա Սարգսյանին հասցրած հրազենային ծանր վնասվածքի համար։ Դավիթ Խաչատրյանը մինչեւ վերջ պնդում էր, որ պատահմամբ է սպանել ընկերոջը՝ կատակ անելիս։ Նշենք, որ Լյուքս Ստեփանյանի հարազատները նույնպես դժգոհ են դատավճռից. նրանց կարծիքով՝ միայն ցմահ ազատազրկումը կամ մահապատիժը կարող էին արդար դատավճիռ համարվել։