«Զարգացման» եւ «ժողովրդավարության» մասին բարձրագոչ հայտարարությունների ֆոնին Ադրբեջանը շարունակում է մնալ հետամնաց երկիր՝ վայրենի վարքուբարքով։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ 2 ամսում՝ 2014թ. հունվար-փետրվարին, Ադրբեջանում մահացու ծեծի է ենթարկվել 28 կին։
«Կանանց նախաձեռնություն եւ օգնություն սոցիալական խնդիրների լուծմանը» հասարակական միավորման նախագահ Զեմֆիրա Մուսթաֆաեւայի տվյալով՝ օրեցօր ավելանում է ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով գյուղացի կանանց փախուստը քաղաք։
«Ադրբեջանում միշտ էլ ընտանիքներում կնոջ նկատմամբ բռնություն է տիրել, սակայն երբեք այդքան սպանություն չի եղել: 28 սպանված կին միայն երկու ամսում` սա արդեն սարսափելի միտում է: Դա ցույց է տալիս, որ անհանգստանալու հիմքեր կան: Այսօր մեզ օգնության են դիմում եւ խնդրում իրենց ապաստան տալ կանայք Մասալայից, Գուբայից, Հուսարից եւ այլ մարզերից: Նրանց շարքում կան նաեւ մեկ կամ երկու երեխա ունեցող կանայք: Նրանք ամուսնուց փախչում են` միայն թե փրկեն իրենց կյանքը: Ամենից ավելի բռնության են ենթարկվում երիտասարդ կանայք», - նշել է կազմակերպության ղեկավարը:
Զեմֆիրա Մուսթաֆաեւան նշել է, որ Ադրբեջանում բռնության տարբեր տեսակներից ամենատարածվածը ֆիզիկական եւ սեռական բռնությունն է, ընդ որում՝ քաղաքներում մեծամասնություն են կազմում սեռական բռնությունները, իսկ գյուղերում` ֆիզիկական, եւ ամենից հաճախ այդ դեպքերը գրանցվում են հարավային շրջանում:





























