Հասունացել է նաեւ երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ, իր շնորհավորական ուղերձում նշել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն եւ սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն:
Երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը դրսեւորել է իր կենսունակությունը եւ բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները:
Այս ընթացքում հասունացել է նաեւ երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական եւ համընդգրկուն: Այսօր սահմանադրական բարեփոխումների նոր առաջարկներն ակտիվորեն քննարկվում են մասնագետների եւ շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների կողմից:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամեն օր իրականացվի սրբությամբ եւ անշեղորեն ծառայի քաղաքակիրթ ապրելակերպի ու զարգացման նպատակներին»:





























