Մեծ Բրիտանիայի գիտնականները ուրբաթ՝ հուլիսի 4-ին, Current Biology ամսագրում հրապարակել են մի հետազոտություն, որտեղ նշում են, որ իրենց հաջողվել է վերծանել մի շարք ժեստեր, որոնց շիմպանզեներն օգտագործում են շփման ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախորդ հետազոտությունները ենթադրում էին, որ շիմպանզեները շփվում են նաեւ ժեստերի օգնությամբ: Սակայն Շոտլանդիայի Սենթ-Էնդրյուսիայի համալսարանից Քեթրին Հոբայթերը եւ Ջեյմս Բիռնը հայտարարել են, որ կարողացել են վստահորեն վերծանել շիմպանզեների 66 ժեստեր, որոնք օգտագործվում են 19 տարբեր հաղորդագրությունների փոխանցման համար: Դրա համար նրանք Ուգանդայում վերլուծել են ժեստիկուլյացիայի 4.5 հազար դեպք եւ արձանագրել դրանք տեսագրության մեջ: Գիտնականներ հայտարարում են, որ ժեստերը մշտական նշանակություն ունեն տարբեր տեսակների համար եւ հենց այդ պատճառով կարող են գնահատվել որպես շփման համընդհանուր միջոց: Մի շարք հաղորդագրությունների փոխանցման համար օգտագործում են տարբեր ժեստային ազդանշաններ, ասվում է հետազոտությունում: Բացի այդ, գիտնականները ենթադրում են, որ շիմպանզեները ունակ են բարդ ժեստային զրույցների: