Կոտայքի մարզի Գառնի գյուղում հուլիսի 3-ի վաղ առավոտյան ինքնասպանություն գործած 26-ամյա Լեւոն Կարապետյանը մասնագիտությամբ ծրագրավորող էր, սակայն զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը:

«Բարձրագույն կրթություն ուներ, ծրագրավորող էր, բայց գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Ամուսնացած չէր, շատ դրական բնութագրվող ընտանիք ունի. հայրը մեղվապահ է, միջին ապրող ընտանիք են»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ 26-ամյա երիտասարդը ալկոհոլ չէր օգտագործում, որեւէ աղանդի չէր պատկանում: Թե որն է ինքնասպանության պատճառը, գյուղում որեւէ վարկած չի պտտվում:

Նշենք, որ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է կատարվում: