ՀՀ Սահմանադրության խնդիրը ոչ թե նյութի մեջ է, այլ իրավակիրառական պրակտիկայի: Սահմանադրության օրվա կապակցությամբ NEWS.am-ի հետ զրույցում մայր օրենքի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Մեր խնդիրը ոչ այնքան գրավոր նյութի մեջ է, ինչքան որ իրավակիրառական պրակտիկայի, որն էլ մեր հասարակության մեջ բերեց իրավական մերժողականությանը: Կողմնակից եմ, որ պետք է Սահմանադրություն ունենալ, սակայն այն պետք է լինի ողջամիտ եւ անպայման վերանայվի: Մեր Սահմանադրությունը եւ փոփոխություններն ունեն տխուր առանձնահատկություն. 1995 եւ 2005 թվականներին անցկացված հանրաքվեների արդյունքներն էլ կեղծված են եղել: Տաօրինակ փաստ պետք է ասել՝ այն ինչ պարտադրվել է իշխանությունների կողմից, հենց նրանց կողմից էլ արհամարհվում է: Չնայած թերություններին՝ Սահմանադրությունը օգտագործվել է՝ ի շահ Հայաստանի իրավական պետություն զարգացնելու համար, ցավոք սրտի իշխանություններն իրենց կողմից պարտադրած Սահմանադրությունը արհամարհում են»,- ասաց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխություններ պետք է անշուշտ տեղի ունենան, սակայն ոչ այս մթնոլորտում, երբ կա հասարակության անվստահությունը. «Շատ մեծ անհանգստություն ունեմ, որ լավագույն փաստաթուղթը չի ընդունվի կամ էլ սխալներն ավելի կընդգծվեն: Պետք է ոչ թե վերանայել Սահմանադրությունը, այլ մտցնել հստակեցում»:
Նշենք, որ հուլիսի 5-ին նշվում է ՀՀ Սահմանադրության օրը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























