Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պլանային նորոգմամբ պայմանավորված սեպտեմբերի սկզբից սկսած 45 օրով կդադարեցնի աշխատանքը:

Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 4-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան, որտեղ տեղի է ունեցել բաժնետերերի տարեկան հաշվետու ժողովը:

Ժողովի ընթացքում ներկայացվել է 2013 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաեւ, 2014 թվականի սեպտեմբերին նախատեսված վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաեւ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար իրականացվող աշխատանքների ընթացքը:

ՀԱԷԿ-ում կատարած շրջայցից հետո, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կստորագրվի պայմանագիր, որի համաձայն Ռուսաստանը հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների համար կտրամադրի 300 մլն դոլար վարկ: Նրա խոսքով` Ռուսաստանի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: «Խոսքը ցածր տոկոսադրույքով եւ երկարաժամկետ վարկավորման մասին է»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով ՀԱԷԿ-ի սեպտեմբերին սպասվող հերթական պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված կայանի աշխատանքի դադարեցմանը՝ նախարարն ասել է, որ պետք է փորձեն հնարավորինս կրճատել այդ ժամկետները, քանի որ կայանի ժամանակավոր կանգնեցումը լուրջ հետեւանքներ է ունենում:

«Իհարկե, դա չպետք է լինի անվտանգության հաշվին»,- ասել է նախարարը եւ վստահեցրել նաեւ, որ ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգումն ազդեցություն չի ունենա արդեն իսկ բարձրացված սակագների վրա, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակագները բարձրացնելիս արդեն իսկ հաշվարկել էր նաեւ այդ աշխատանքները:

Երվանդ Զախարյանը հիշեցրել է, որ նախորդ տարի չնախատեսված կանգառների հետեւանքով մոտավորապես 320 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա քիչ էր արտադրվել ՀԱԷԿ-ում, ինչի հետեւանքով ՀԷՑ-ն ավելի թանկ էլեկտրաէներգիա էր գնել «Հրազդան ՋԷԿ»-ից եւ Հրազդանի 5-րդ էներգաբլոկից:

Երվանդ Զախարյանի խոսքով՝ ՀԱԷԿ-ն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ: «Դրանց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել»,- ասել է նախարարը:

Նախարարն անդրադարձել է նաեւ նոր ատոմակայանի կառուցմանը՝ տեղեկացնելով, որ նոր բլոկի արժեքը կկազմի մոտ 4,5 մլրդ դոլար: «Դրա մի մասը Ռուսաստանի կառավարությունը կտրամադրի ապրանքների, սարքավորումների տեսքով, իսկ մյուս մասը մենք կլրացնենք այլ երկրների հետ բանակցություների արդյունքում ձեռք բերված ֆինանսական օժանդակությունների միջոցով»,- ասել է նա։

Երվանդ Զախարյանը նաեւ նշել է, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019 թվականներին: