«Ավան» հոգեկան առողջության կենտրոն»-ում մայիսի 5-ին մահացած Էդգար Շաթիրյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն, չնայած դեպքից անցել է ուղիղ 2 ամիս: NEWS.am-ի հետ զրույցում Էդգարի քույրը՝ Սաթենիկ Շաթարյանը, նշեց, որ որեւէ նորություն չկա, ամեն ինչ նույնն է, ինչ որ մեկ ամիս առաջ էր:
«Գիտենք, որ հարցաքննության փուլն է. հարցաքննվում են բժիշկները, Էդգարի հարազատները, բայց առերեսում չի եղել: Փորձաքննության արդյունքները նույնպես դեռ չկան, ամեն դեպքում մեզ դրանք չեն ներկայացրել: Մի խոսքով, ամեն ինչ նույնն է, ինչ որ 1 ամիս առաջ էր»,- ասաց նա:
Էդգարի հարազատները շարունակում են պնդել, որ նրա մահվան պատճառը ներարկված դեղամիջոցն է եղել:
Ավելի վաղ Սաթենիկ Շաթիրյանը NEWS.am-ին հայտնել էր, որ եղբայրը՝ 33-ամյա Էդգար Շաթիրյանը մահացել է բժիշկների պատճառով:
«Եղբայրս ալկոհոլի նկատմամբ սեր է ունեցել, խորհուրդ տվեցինք դիմել նարկոդիսպանսեր: Մայիսի 5-ին հարբած վիճակում եղբայրների հետ Էդգարը գնում է այնտեղ, սակայն գներն էնքան բարձր են եղել, որ մտածել է անվճար բուժվելու մասին ու գնացել Ավանի հոգեբուժարան: Հարբած մարդուն միանգամից Տիզերցին են ներարկել, որից էլ ուշքի չգալով՝ մահացել է եղբայրս: Բայց ո՞վ է տեսել, որ հարբած հիվանդին միանգամից նման դեղամիջոց ներարկեն: Էդգարին ուղեկցողներն ասել են, որ ինքը գլխի եւ սրտի պրոբլեմ ունի, բայց բժիշկները հաշվի չեն առել»,- ասել է նա:
Մինչդեռ NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Արմեն Սողոյանը հերքել էր այս ամենը: Նրա խոսքով՝ Էդգար Շաթիրյանը մահացել է սրտի խնդիրներից:





























