Երեւանի բնակիչ, 47-ամյա Հեղինե Հ.-ն մեղադրվում է պոռնկությանը նպաստելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Հեղինեն տարբեր տարիների իր տունը վարձով տրամադրել է Նաիրա Պ.-ին՝ պոռնկությամբ զբաղվելու համար: Պոռնկությամբ զբաղվելու եւ այդ գործողությունից ստացած եկամուտը միմյանց միջեւ հավասարաչափ բաշխելու համար Հեղինեն իր բնակարանը 2009-2010թթ. պարբերաբար տրամադրել է Նաիրա Պ.-ին, որտեղ վերջինս պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալով տարբեր տղամարդկանց հետ՝ ստացված եկամուտը հավասարաչափ կիսել է տանտիրոջ հետ: Այնուհետեւ Հեղինեն 2013թ. նրան նորից առաջարկել է բնակվել իր բնակարանում, պոռնկությամբ զբաղվելու եւ ստացած եկամուտը իրեն տրամադրելու միջոցով փակել իրեն պատճառած վնասը. Նաիրան Հեղինեի տնից գողություն կատարելու համար մինչեւ այդ դատապարտվել էր: Այսպիսով, 2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հեղինեն Նաիրային է տրամադրել իր բնակարանը ու տնօրինել վերջինիս ստացած եկամուտները:
Հեղինե Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք` մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ մեկից չորս տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել գրավը:
Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:





























