«Ցանկացած միջամտություն կամ ճնշում ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի վրա չափազանց ռիսկային է»,- Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հաղորդում է TRT հեռուստաընկերությունը, նա նկատել է, թե չի ցանկանում, որ Ադրբեջանը կամ Հայաստանը խոսեն, թե իրենց վրա ճնշումներ կան:
Պուտինի խոսքով, Ադրբեջանն ու Հայաստանն իրենք պետք է լուծեն խնդիրը, իսկ Ռուսաստանն ու մյուս պետությունները պետք է անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն: «Մենք չենք կարող կողմերին հարկադրել եւ ճնշել նրանց»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի վարչապետը նշել է, թե նման հակամարտությունների լուծման պատասխանատվությունը կրում են երկու կողմերը, եւ հենց նրանք պետք է երկխոսություն վարեն: Պուտինի խոսքով, պետք է այնպիսի լուծում ընդունվի, որը կբավարարի երկու կողմին էլ:
«Այստեղ պետք է համբերություն ունենալ, քանի որ հարցը շատ բարդ է»,- ասել է Պուտինը:



























