Որպեսզի խաղաղություն լինի, հարկավոր է, որ հայկական կողմը հակառակորդի կրակին պատասխանի երկու անգամ ավելի շատ կրակելով։ Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց այսօր՝ հուլիսի 5-ին, Տավուշի մարզի սահմանամերձ գոտի այցի շրջանակում Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ներկայացնելով գյուղի խնդիրները՝ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ իրենց ամենամեծ ցանկությունը խաղաղությունն է։
«Բա ո՞նց անենք, որ խաղաղություն լինի։ Պիտի շատ կրակենք դրանց վրա, ինչքան իրանք կրակում են, պիտի երկու անգամ ավելի կկրակենք»,- ասաց վարչապետը։
Գյուղապետը դժգոհեց, որ թեեւ իրենց գյուղը սահմանամերձ չի համարվում, իրենց հողերը, արոտավայրերը կրակի տակ են։ Նա վարչապետին խնդրեց իրենց գյուղը նույնպես ներառել սահմանամերձ գյուղերի ցանկում, որպեսզի իրենք էլ ազատվեն որոշ հարկերից։ Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց դիմել կառավարությանը, որպեսզի գյուղը ներառվի սահմանամերձների ցանկում։
Կամո Չոբանյանը վարչապետին խնդրեց նաեւ օգնել գյուղի մշակույթի տունը վերանորոգելու հարցում։
«Ունենք լավ երիտասարդություն, գյուղում տարբեր խմբակներ կան, գյուղը շնչում ա, բայց մի քանի տասնյակ տարի առաջ կառուցված մշակույթի կենտրոնը ոչ մի անգամ չի վերանորոգվել»,- ասաց գյուղապետը։
Հովիկ Աբրահամյանը խոստացավ օգնել. «Նախահաշիվ կա՞՝ ինչ գումարի մասին է խոսքը, բերեք, մարզպետի հետ պայմանավորվեք»։
Գյուղացիներից մեկն էլ դժգոհեց, թե գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «լավ մարդ ա, իրա բնույթը լավն ա», բայց գյուղացիների հետ չի շփվում։
«Մի անգամ ժողովրդի մեջ չի մտնում, ժողովուրդը հուսահատ ա։ Հայաստան ասելով՝ հասկանում եք մենակ Արմավիրը եւ Արարատը»- դժգոհեց Վերին Կարմիրաղբյուրի բնակիչը։
Սերգո Կարապետյանը, որն ուղեկցում էր Հովիկ Աբրահամյանին, շտապեց վարչապետին տեղեկացնել, որ ինքն այցելել է Վերին Կարմիրաղբյուր, գյուղացիները, սակայն, պնդեցին, որ նրան մինչեւ հիմա չեն տեսել։
Վարչապետի աչքից չվրիպեց, որ գյուղի շենքերին փակցված են քաղաքական բոլոր կուսակցությունների պաստառները։ Գյուղապետը նշեց, որ զարմանալի չէ, քանի որ գյուղում 645 տնտեսություն կա եւ մոտ 1500 ընտրող։
Վերին Կարմիրաղբյուր գյուղում ավարտեց վարչապետի այցը Տավուշի սահմանամերձ շրջաններ։ Հիշեցնենք, որ մինչեւ այդ վարչապետն այցելել էր հակառակորդի դիպուկահարների թիրախում գտնվող Պառավաքար-Վազաշեն ճանապարհը շրջանցող նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհի շինհրապարակ։ Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, սոցապնախարար Արտեմ Ասատրյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը։





























