Թուրք-իսրայելական հարաբերությունների սրվածությունը շախմատային պարտիայի մի քայլ է, որը նպատակ ունի խաբել Իրանին, եւ Թուրքիային դարձնել իսլամական աշխարհի առաջնորդ։ Հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Նրա խոսքով, Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վատթարացումը հստակ պայմանավորվածության արդյունքն է, ներկայացման նման մի բան։

«Կարծում եմ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների նմանօրինակ ընթացքը նախանշված է ի սկզբանե, ինչպես եւ նախանշված է, որ հարաբերությունների ճգնաժամը պետք է հասցվի հստակ մի կետի»,- համոզմունք հայտնեց Շաքարյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ թուրք-իսրայելական սրված հարաբերությունները կմեղմանան միայն Թուրքիայում 2011 թվականին նախանշված խորհրդարանական ընտրություններից հետո։

Անդրադառնալով ռուս-թուրքական՝ վերջին ժամանակներս բավական սերտացած հարաբերություններին՝  թուրքագետը նկատեց, որ դրանք զուտ տնտեսական բնույթ են կրում։ «Թուրքերն իրենք էլ լավ գիտակցում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները առավելապես տնտեսական են։ Դեռ մեկ ամիս էլ չկա, որ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը այցելել է Թուրքիա, այժմ էլ այդ երկիր է մեկնում վարչապետ Պուտինը։ Դա զարմանալի չէ, քանի որ տարեկան շուրջ 3 մլն ռուս զբոսաշրջիկներ են այցելում Թուրքիա, այդ երկիրը ներդրումային ծրագրերով Ռուսաստանի 5-րդ գործընկերն է (թուրքական կապիտալը  ռուսական շուկայում կազմում է մոտ 5 մլրդ դոլար)»,- նշեց Շաքարյանը։   

Ամփոփելով՝ թուրքագետը համոզմունք հայտնեց, որ իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու եւ «Զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսի՝ շրջանառության մեջ դնելու նախաձեռնությունները Թուրքիայի նեոօսմանիստական գաղափարախոսության բաղադրիչներից են։