Թուրքիան տարածաշրջանային գերտերություն դառնալու հայտ ներկայացրեց հատկապես Հայաստանի կողմից նախաձեռնված ֆուտբոլային դիվանագիտությունից հետո։ Հունիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նշելով, որ Թուրքիան կովկասյան խնդիրներին միջամտելու լեգիտիմ իրավունք ստացավ «ֆուտբոլային քաղաքականությունից» հետո՝ քաղաքագետն ընդգծեց, որ այդ երկիրն այս կերպ ջանում է դառնալ տարածաշրջանային հզոր ուժ: «Թուրքիան ամեն կերպ փորձում է վերականգնել իր նախկին՝ Օսմանյան կայսրության փառքը։ Այդ իմաստով նրա ազդեցությունը կտրուկ մեծացել է ոչ միայն Կովկասում, այլ նաեւ Միջին Արեւելքում»,- շեշտեց Բոզոյանը՝ նկատելով, որ Թուրքիայի հավակնություններն այսքանով չեն սահմանափակվում։ Քաղաքագետի կարծիքով, Թուրքիան ձգտում է նաեւ իսլամական աշխարհի առաջնորդ դառնալ:
Խոսելով ռուս-թուրքական՝ ակնհայտորեն ավելի ու ավելի ջերմացող հարաբերությունների մասին՝ Բոզոյանը կարծիք հայտնեց, որ թեպետ այդ հարաբերություններն առայժմ տնտեսական են, սակայն մի օր կարող են վերաճել ընդհուպ ռազմավարական գործընկերության։ «Զուտ տնտեսական հարաբերություններ չեն լինում. դրանք, ի վերջո, ինչ-որ պահի կարող են վերածվել էլ ավելի ամուր կապերի»,- կանխատեսեց քաղաքագետը։
Նրա խոսքով, Թուրքիան իր վարած ճկուն քաղաքականության շնորհիվ կարողացավ հարաբերություններ հարթել Հունաստանի եւ Սիրիայի, բավական լավ կապեր հաստատել Իրանի հետ։ «Սակայն այդ երկրի՝ «Զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսի համատեքստից կարծես դուրս է մնացել Հայաստանը, որի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություններ տեսանելի ապագայում չեն նկատվում»,- ամփոփեց Բոզոյանը։



























