Հյուսիսային Կորեան Հարավայինին առաջարկել է  համալիր միջոցներ ձեռնարկել, որոնք կնպաստեն միավորմանը եւ հաշտությանը:  Այս մասին ասվում է Կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հայտարարությունում:

Փաստաթղթում նշվում է, որ Հյուսիսը եւ Հարավը պետք է համատեղ «հայրենիքի միավորման ընդունելի եւ բոլոր կորեացիների շահերին համապատասխանող» առաջարկներ ներկայացնեն, որպեսզի «երաշխավորեն համակեցությունը, համատեղ բարգավաճումը եւ ընդհանուր շահերը», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ժամանակն է վերջ դնել անմիտ թշնամանքին եւ առճակատմանը», — ասվում է հաղորդագրությունում:

Բացի դրանից, Փհենյանը Սեուլին կրկին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի հետ հերթական համատեղ զորավարժություններից:

Հունիսի 30-ին Հյուսիսային Կորեան առաջարկել էր դադարեցնել Հարավային Կորեայի դեմ ռազմական գործողությունները: