Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Հ-27 միջհամայնքային ավտոճանապարհին` Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «Միթսուբիշի Պաջեռո»-ն բախվել է «Դեու» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Միթսուբիշի Պաջեռոն» ընկել է գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Միթսուբիշի Իո» մակնիշի 34 DV 986 (վարորդ` Մ. Հ.) եւ «Դեու» մակնիշի 077 LD 61 (վարորդ` Տ. Խ.) համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Միցուբիշի Իո»-ն ընկել է Մարմարիկ գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 22-ամյա Մ. Հ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «Միթսուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից:





























